երբեմն իրանց ժամանակակից հասարակության մեջ աոանձին ժողովրդականություն չեն ստանում։— Ամբոխը մեծ մասամբ ընդունում է այն, ինչ որ ներկայում հետաքրքրում է նրան, ինչով զբաղված է նրա միտքը։ Րաֆֆին ինքը խնդիրներ չէր հորինում, այլ միշտ ձգտում էր հրապարակի վրա նոր զարթնած և մտքեր հուզող խնդիրներին լուծում տալ։ Նա ժողովրդի բարոյական և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ։ Ահա նրա ահագին ժողովրդականության գաղտնիքը։
Երբ ասպարեզ մտած մի միտք ոգևորում էր նրան, վեպի գաղափարը արդեն պատրաստ էր, և նա գրիչը ձեռն էր վերցնում։ Եվ բավական էր, որ գաղափարը կար, մնացյալը նրա համար երկրորդական էր։ Նա վաղօրոք պատրաստում էր խնդրի լուծումը, հնարում էր ամբոխին մատչելի տենդենցիան և երբ սկսում էր գրել, նրա գլխում առաջին տեղը ամուր բռնած էր լինում այդ տենդենցիան, որ պետք է այսպես թե այնպես անցներ վեպի մեջ։ Հետևաբար, գեղարվեստական կատարելագործման, մանավանդ հոգեբանական ճշմարտության մասին շատ էլ չէր մտածում կամ բնավ չէր մտածում։ Ահա ինչու նա միշտ շտապում էր իր մտքերը շուտ արտահայտելու, այս պատճառով գործ էր ածում գրելու մի այնպիսի մեթոդ, որ. հազիվ թե գեղարվեստին բարձր նշանակություն տվող մի բանաստեղծվիպասանի պատիվ բերեր։ Ի՞նչ էր անում նա։— Գրում էր վեպի առաջին գլուխները, արտագրում էր մի անգամ և իսկույն տալիս էր տպագրության, մտածելով, որ շարունակությունը ինքնըստինքյան չի հակասիլ սկղբին։ Գոնե այս ձևով էր գրում այն վեպերը, որոնք նախ տպվում էին չրագրներում և հետո առանձին գրքերով լույս տեսնում։ Այդպես էր գրել նա, ի միջի այլոց, և՛ «Դավիթ Բեկ»-ը։ Նա ինքը խոստովանում էր, որ այդ վեպի շատ գլուխները թխել է գրաշարի ներկայությամբ, որ դռների առջև կանգնած «նյութի» է սպասելիս եղել «Մշակ»-ի համար։
Ուղիղն ասած, վիպասանի այս սովորությունը ինձ վշտացնում էր, ուստի մի օր ես դարձա նրան և զգուշությամբ ասացի.