վեպը չպիտի «Կայծեր»-ի մի հատորից մեծ չիներ, բայց երբ նրա գրիչը տաքացավ, արտադրեց այժմյան ահագին հատորը, որը դեռ ամբողջ վեպի կեսն էլ չէ, մի կողմ թողնեչով «ծանոթությունները», որ նույնպես մի մեծ հատոր կարող են կազմել։ Առհասարակ Րաֆֆին վեպի ստվարությանը մեծ նշանակություն էր տազիս։ Այժմ էլ հիշում եմ, թե ինչպիսի հրճվանքով նա պահում էր իր ձեռքում և աջ ու ձախ շուռ տալիս տպարանից նոր ստացած իր մի հաստ վեպը։
— Ամբողջ հայ գրականությունը այնքան վեպեր չի պարունակում յուր մեջ, որքան ես եմ տվել,— ասում էր նա ոչ առանց պարծանքի։
Նա գիտեր, որ գրվածքի որակությունն է գնահատվում և ոչ մեծությունը, լսել էր, որ Սերվանտեսը միայն մի «Դոն-Կիշոտով» է իրան անմահացրել, իսկ Գրիբոյեդովը մի հատիկ «Խելքից պատուհաս» կոմեդիայով։ Այդ նա գիտեր, բայց և այնպես գրելու ժամանակ նրա գլխից չէր հեռանում էջերի քանակության խնդիրը։
Րաֆֆիի գրականական զարգացումը առհասարակ թույլ էր։ Մանավանդ թույլ էր նրա էսթետիկական ճաշակի կրթությունը։ Իր գաղափարների մեջ խորասուզված, նա չէր հետաքրքրվում այն բոլորով, ինչ-որ կարող էր կրթել և նրբացնել նրա գեղարվեստական ընդունակությունները։
Նա կարդացել էր Հյուգո, որին շատ էր սիրում, էժեն Սյու, կարծեմ, մի քիչ էլ Վալտեր Սկոտից, որոնք արդեն հնացել էին եվրոպական գրականության համար, բայց չգիտեր ով է Բալզակը, Ֆլոբերը, Գոնկուրները, որոնցով հետաքրքրվում էին նոր շկոլայի մարդիկ։ Կարծեմ, նա չէր կարդացել նույնիսկ Դիկենսին, իսկ կլասիկ հեղինակների հետ ծանոթ էր շատ մակերևութաբար։ Եվրոպական քննադատներից նա ճանաչում էր միայն Իպոլիտ թենին, այն էլ վերջին ժամանակ և կարդացել էր միայն նրա դասախոսությունները գեղարվեստի մասին։ Գիտնականների և փիլիսոփաների հետ նույնպես ծանոթ չէր։
Նա չէր հերքում ընթերցանության օգուտը։ Նա այն հայ հեղինակներից չէր, որոնք, չգիտեմ ինչ հոգեբանական պատճառներով, վախենում են ուսումնասիրել եվրոպական