Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/483

Այս էջը սրբագրված է

Տեր-Սարգսյանը չի զգում, թե իր վարմունքը վիրավորել է այդ ինքնասեր մարդուն։

— Ե՞րբ պիտի տաք այդ պարտքը,— հարցնում է Տեր-Սարգսյանը։

— Երբ փող կունենամ։

— Բայց ե՞րբ կունենաք փող,— շարունակում է Տեր-Սարգսյանը, հետզհետե վրդովվելով։

— Չգիտեմ։

— Ինչպե՞ս թե չգիտեք․․․

— Այո՛, ինձ հայտնի չէ, թե Րաֆֆին երբ փող կունենա, բայց անշուշտ կունենա։

— Ինչպե՞ս թե չգիտեք...

— Դուք դարձյալ ձեր փողերը կստանաք մինչև վերջին կոպեկը։

— Բայց ե՞րբ, ե՞րբ,— գոչում է Տեր-Սարգսյանը, բոլորովին համբերությունը կորցնելով։

— Մի՛ չարանաք։

— Այդ անտանելի է...

— Դուք ձեր փողերը կստանաք մինչև վերջին կոպեկը։

— Դուք ինձ կատաղեցնում եք...

— Ես ձեր պարտքը կտամ։

— Համբերությունս կտրվեց...

— Մինչև վերջին կոպեկը...

— Տո մարդ աստծո, ես տրաքվեցի, դուք էլ բարկացեք, հայհոյեցեք, որ սիրտս մի քիչ հովանա էլի,— գոչում է Տեր-Սարգսյանը միանգամայն կատաղելով։

Րաֆֆին ժպտում է, Տեր-Սարգսյանը մնում է չարացած։

Նույնքան նա արտաքուստ սառն էր և՛ զվարճության ժամանակ, եթե շրջանը ամենամոտիկ բարեկամներից չէր բաղկացած։ Մի օր տասը-տասնհինգ հոգի, մի խումբ կազմած, Օրթաճալում զվարճանում էինք։ Մինչդեռ ամենը երգում էին, խմում էին և աղմկում, մինչդեռ հսկայամարմին Աղայանցը, տասնուհինգ տարեկան պատանիի պես, թռչկոտում էր, Րաֆֆին ծանրուբարակ նստած, հանդարտ խոսում էր և նորահարսի պես ծիծաղում։ Ամբողջ ժամանակ նա նստած էր միևնույն տեղը, վերարկուն հագին, գդակը գլխին, այնպես որ կարծես