Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/484

Այս էջը սրբագրված է

երկու րոպեի հյուր էր։ Մինչև անգամ իր ձեռափայտից նա չբաժանվեց և ոչ մի րոպե։ Մյուս օրը նա փողոցում ինձ պատահելով, ասաց.

— Համա երեկ քեֆ արեցինք է։ Հարկավոր է երբեմն այդպիսի գժություններ անել, թե չէ բոլորովին կժանգոտվենք։

Սակայն ժամանակը այնքան թանկ էր Րաֆֆիի համար, որ նա չէր ուզում և ոչ մի օր զոհել անձնական զվարճություններին։ Իսկական հոգեկան զվարճությունը նա գտնում էր զբաղմունքի մեջ, իսկ անցյալի դառնությունների և թշվառությունների մխիթարանքը— այն համակրության մեջ, որով շրջապատել էր նրան հայ հասարակությունը, փույթ չէ, որ այդ համակրությունը մեծ մասամբ պղատոնական էր։

Նա գնահատում էր մարդկանց հարգանքը և պարծենում էր նրանով։ Ամեն մի համակրական ցույց, մի նամակ կամ խոսք նրան խրախուսում էր, թեև միշտ ուրիշների մոտ աշխատում էր զսպել իր ուրախությունը։ Բայց այնքան մոլորված չէր, որ չկարողանար անկեղծ հարգանքը ջոկել կեղծից։ Ընդհակառակը մարդկանց հոգին գիտեր ճանաչել և շատ անգամ նրանց խոսքերի մեջ զգում էր սուտն ու ճշմարիտը։ Քանի-քանի անգամ կեղծավոր մարդիկ իմ ներկայությամբ գովել են նրա երկերը երեսին, այնպիսի մարդիկ, որ նրա հետևից հազար ու մի բան էին խոսում։ Րաֆֆին ճանաչում էր այդպիսիներին և նրանց գովասանքը լսելիս անախորժության ժպիտ էր երևում նրա դեմքի վրա։ Իսկ երբ շողոքորթները հեռանում էին, նա ասում էր․

— Խոմ իրանք էլ գիտեն, որ ես շատ լավ եմ ճանաչում իրանց, ինչո՞ւ են դիմակ հագնում։

VI

Րաֆֆիի հոբելյանի տարին էր, երբ մի օր Թիֆլիսում լուր տարածվեց, թե գիշերը ինչ-որ անհայտ չարագործներ հարձակվել են վիպասանի բնակարանի վրա, իբրև թե նրան սպանելու նպատակով։ Այդ ժամանակ Րաֆֆին դեռ բնակվում