Էր այն բնակարանում, որ ես համառոտ նկարագրեցի հոդվածիս սկզբում։ Քաղաքի կենտրոնում, մի հայտնի փողոցի վրա, տեղի ունեցած եղելությունը հանդուգն էր, մանավանդ, որ հարձակման ենթարկվածը մի հասարակ մարդ չէր։ Ուստի անգործ մարդիկ սկսեցին հազար ու մի անտեղի ենթադրություն անել, որոնց թվում էր և այն, թե իբրև մեղվականների դրդմամբ է եղել հարձակումը։
Տեսնենք ինչպես էր պատմում ինքը Րաֆֆին այդ եղելությունը։
— Մինչև ուշ գիշեր պարապվելուց հետո ես մոմերը հանգցրի և անցա ննջարանս։ Շատ էի քնել թե քիչ—չգիտեմ, հանկարծ մի խուլ աղմուկ ինձ զարթեցրեց։ Ես իսկույն ոտքի թռա և բնազդումով ձեռս տարա դեպի բարձս, որի տակ միշտ պահում էի մի ատրճանակ։ Աղմուկը լսվում էր իմ կաբինետից։ Ատրճանակը վերցնելով, անցա նախասենյակ։ Այստեղ ականջիս հասան մարդկային շշնջյուններ, ինձ թվաց, որ մի քանի մարդիկ դիմում են դեպի իմ ննջարանը և արդեն ուզում են բանալ կաբինետիս դռները։ Ես կանգնեցի դռներիս հետևում և բոլոր ուժովս դեմ կացա, որ նրանք չկարողանան բանալ, իսկ նրանք հրում էին, որ բանան։ Մեր լուռ կռիվը տևեց մի քանի վայրկյան, մինչև որ նրանք կարողացան դռները մի քիչ բանալ։ Ես ատրճանակիս խողովակը ուղղեցի դռների միջով դեպի կաբինետը. չարագործները հետ կանգնեցին։ Ես, սիրտ առնելով, դռները բաց արեցի և ատրճանակս արձակեցի։ Որքան ես կարողացա նկատել, նրանք երեք հոգի էին, որոնցից երկուսը սենյակումն էին, երրորդը՝ լուսամուտի հատակի վրա։ Նրանք շտապեցին լուսամուտով ցատկել դեպի դուրս և անհայտանալ։ Ես սկսեցի գոռալ, հարևաններիս օգնության կանչել չարագործներին բռնելու, բայց ոչ ոք չեկավ. ատրճանակի գնդակը անցավ իզուր, ահա այստեղով...
Այս ասելով, նա ցույց տվեց գնդակի հետքը, որ երևում էր լուսամուտի մի փեղկի վրա։
— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսակ մարդիկ կարող են լինել հարձակվողները,— հարցրի ես։
— Ո՞վ գիտե, բայց կարծում եմ, որ կողոպտելու նպատակով չէին եկել։ Ինչպես տեսնում եք, ոչ մի բանի ձեռք չեն