Տանտերը կատաղած և կարմրած աչքերով նայում է Րաֆֆիին և հեգնաբար պատասխանում.
— Մի՞թե..․ Ցանկալի է իմանալ, ի՞նչ կանեիք, եթե իսկույն, հենց այս րոպեին մի երկու կտրիճ ավազակներ կանգնեին ձեր գլխին։
Այս ասելով տանտերը նշան է անում, և դռների առջև երևում են մի զույգ ավազակադեմ մարդիկ։
— Ի՞նչ կանեի,— պատասխանում է Րաֆֆին,— նախ և առաջ ես նրանց ցույց կտայի ահա այս փոքրիկ զենքի ուժը։ Այս ասելով, նա գրպանից հանում է վեցտրաքիչ ատրճանակը և մի անգամ արձակում է. գնդակը անցնում է առաստաղի մեջ։ Ավազակապետ տանտերը, մի փոքր լռելուց հետո, ասում է.
— Դուք իսկական ճանապարհորդ եք, ես հավանում եմ այն մարդկանց, որ իրանց պաշտպանել գիտեն։
Հետո դառնալով դռների մոտ կանգնած մարդկանց, հրամայում է.
— Շարբաթ բերեք մեր ղոնաղի համար։
Նույնիսկ այն դեպքը, որ Րաֆֆին տասնվեց տարեկան հասակում, գիմնազիստ ժամանակը, մեն-մենակ ուղտի վրա ճանապարհորդել է Փոքր Ասիայի մի մասում, ցույց է տալիս, որ նա անձնական վտանգները արհամարհում էր։ Նա շատ էր սիրում խոսել հայերի անհատական քաջության մասին։ Նա ասում էր, որ եթե այդ անհատական քաջությունը ընկերական լիներ, հայերը կարող էին աշխարհի երեսին մի զորեղ ազգ լինել։
— Ամեն մի հայ, աոանձին վերցրած—առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ—հսկա։ Բայց ընկերական ոգու բացակայությունը, խմբովին գործելիս, ջլատում է նրա ուժերը։ Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, սա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը։ Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես թշնամուն թողած, միմյանց միսը ուտել։ Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ։