Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/49

Այս էջը հաստատված է

հողմերից խանձված դեմքը պղնձի գույն ուներ։ Այս փոքրահասակ մարդը կոպիտ ուսերի վրա կոճղի պես ամուր հաստատված պարանոցով ինձ հիշեցնում էր մեր հարյուրամյա թթենին։ Եվ թվում էր իմ անփորձ մտքին, որ ոչ տարերքների ցասումը, ոչ մարդկային սպառնալիքը չեն կարող կասեցնել նրա անպարտելի ուժը։

Ես մտա շոգենավի երկրորդ կարդր և իմ փոքրիկ ճամփարկղը տեղավորեցի մի անկյունում։ Առանձին հյուղեր չկային, կարգն ընդհանուր էր։ Ինքը շոգենավը հին էր և քայքայված։ Վտանգավոր մարտ ամսին Շոգենավային ընկերության վարչությունն իր նորագույն նավերը չէր վստահում «գիժ» Կասպյանի քմահաճույքին հանձնելու և միայն իր հին ու անպետք նավերն էր ծով նետում։ Այսպես էին ասել նրանք, որոնք ինձ զգուշացնում էին առաջին նավով չգնալ։

Ճամփորդների թիվը փոքր էր. մի չափազանց նիհար ծերունի և երկու աշակերտներ ռեալական դպրոցի, որ գնում էին Դերբենտ՝ զատկի տոներն իրենց ծնողների հետ անցկացնելու։ Կար և մի մարդ ծուռ աչքերով և ջարդված տանձի պես տափակ քթով։ Նա ընդհանուր սեղանի քով նստած, խաղաթղթերի վրա գուշակում էր՝ արդյոք ճամփորդությունը հաջո՞ղ է լինելու, թե ոչ։

— Աջող, աջող,— գոչեց նա, փաթաթվելով քովը նստած ծերունու պարանոցին։

Լսվեց սուլիչի վերջին բառաչյունը, ապա՝ խարիսխի զարկը շոգենավի կողերին։

Ես բարձրացա տախտակամած։ Շոգենավը մեղմիկ անջատվում էր կայարանից. նրա կողերի անիվներն ալեկոծում էին ջուրը, աղմկելով ծովի կապարյա լռությունը։

Ես նայեցի ետ։ Որքան տխուր և անբարեհամբույր է բուսականությունից զուրկ Բաքուն ցերեկը, նույնքան գեղեցիկ է գիշերը ծովից։ Նրա գորշագույն կմախքը, սքողվելով խավարի շղարշով, արյուն ու մարմին է ստանում ու կենդանանում։ Փողոցային լապտերների ու տնային ճրագների դեղնագույն բծերը մթին տարածությունը զարդարում էին ոսկեղեն աստղերով, որոնք պլպլում էին նորահարսի աչքերի պես։