Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/495

Այս էջը հաստատված է

Րաֆֆիին «Մշակ»-ի մեջ ասպարեզ գալ Փավստոս ստորագրությամբ Հայկունիի դեմ։ Նա ինքն էր կամենում պաշտպանել իր նվիրական գաղափարները, իր հավատամքը անզգամ հարձակումների դեմ, նա ինքն էր կամենում մաքրել իր անունը անարդար արատներից, որովհետև ուրիշ ով կարող էր այնպիսի տաղանդով ու հմտությամբ պաշտպանել նրան։

Մարդուն ցեխոտում էին, համարում էին «խաչագող», «փերեզակ», գրականական անբարոյականություն տարածող, ազգի և եկեղեցու դավաճան, չգիտեմ էլ ինչ, և նա պետք է լռեր, պետք է համբերությամբ տաներ այդ բոլոր հայհոյանքները։ Ոչ. նա սառնարյուն փիլիսոփա կամ անտարբեր գիտնական չէր, որոնց իսկի չեն էլ հայհոյում այդպիսի անպատկառությամբ։ Նա զգայուն սրտի և վառ երևակայության տեր մի մարդ էր, որ չէր կարող ականջները փակել, աչքերը ծածկել բացարձակ զրպարտությունների դեմ։

Նա պետք է պատռեր իր թշնամիների դիմակը և պատռում էր անխնա։

Ահա ինչով պետք է բացատրել Փավստոս-Րաֆֆիի մի շարք կրքոտ հոդվածների երևան գալը։ Կրկնում եմ, ոչ մի բարեկամ չէր կարող այնպիսի տաղանդով պաշտպանել Րաֆֆիին, որքան նա ինքն էր պաշտպանում իրան, որովհետև ոչ ոք այնքան լավ չէր ուսումնասիրել նրա թշնամիներին, որքան ինքը։

«Րաֆֆին գոռոզ է», — դատում էին կարճատես մարդիկ, նայելով նրան արտաքուստ։ Եվ այդ անսահման թախիծով սքողված դեմքը, այդ մշտական տխուր ժպիտով սեղմված շրթունքները, այդ խորշոմած մռայլ ճակատը, այդ կնճռված ունքերը — ամբոխի աչքում գոռոզության նշաններ էին։ Բայց մոտեցեք այդ մարդուն, խոսեցեք նրա հետ, դիտեցեք նրա դեմքի վրա մերթ ընդ մերթ սահող համեստ ժպիտը, լսեցեք նրա անկեղծ ծիծաղը, այցելեք նրա անշուք բնակարանը, տեսեք ինչպիսի սիրով է նա ընդունում ցնցոտիներով կծկված խեղճ, ողորմելի մշեցիներին, ինչ ախորժանքով է նա նրանց հետ ժամերով խոսում, նրանց մխիթարում, սիրտ տալիս ապագայի համար, ինչպես է սեղմում նրանց կոշտ ու ոսկորոտ ձեռները, ինչպես է հյուրասիրում նրանց, և դուք կհամոզվեք