Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/497

Այս էջը սրբագրված է

չեկան, և այսօր նրա ընտանիքի միակ ժառանգությունը նրա գրքերն են և անունը։

Եթե Րաֆֆին մինչև անգամ ժլատ և փողասեր էլ լիներ, արդարանալու կարիք չուներ։ Այն դառնությունները, այն կարոտությունները, որ նա կրել էր իր անցյալ կյանքի ընթացքում, ինքնըստինքյան կարող էին արդարացուցիչպատճառներ համարվել։ Մինչդեռ սեփական թշվառությունները նրասիրտը չէին քարացրել, այլ սովորեցրել էին ուրիշների կարիքին կարեքից լինելու և ոչ միայն իբրև հասարակական գործիչ, այլև իբրև մարդ, իբրև անհատ։

— Ճանաչո՞ւմ եք այդ մարդուն,— դարձավ մի օր նաինձ, ցույց տալով փողոցում մի անցորդ։

— Ո՛չ,— ասացի ես։

— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ գործով է նա զբաղված։

— Արտաքինից դատելով, — պատասխանեցի ես, — կարելի է նրան ընդունել կամ մի միջին կարողության կալվածատիրոջ, կամ վաճառականի տեղ։

Րաֆֆին դառնությամբ ժպտաց և ասաց.

— Այսպես շատ անգամ մարդկանց արտաքինը խաբուսիկ է։ Այդ մարդը մուրացկան է, բայց գաղտնի մուրացկան։

Թիֆլիսը լիքն է այդպիսիներով։ Երեկ երեկոյան նա ինձ մոտ լր, ճանաչում է ինձ, կարդացել է իմ վեպերը։ Նա մի ժամանակ հարուստ է եղել, հանդիպել է ձախորդության, կորցրել է ամեն ինչ և այսօր մուրացկան է, բայց ինքնասիրությունը չէ թույլ տալիս իր իսկական վիճակը ուրիշներին հայտնելու։ Նա երեկ եկել էր ինձ մոտ և արտասունքը աչքերին պատմում էր իր օրերը։ Նա ասում էր, թե միայն ուրիշների ցավը նկարագրողը կհասկանա նրա վիճակը, ուստի ինձ էր դիմել։ Ցավում եմ, որ չունեի ավելի տալու, բայց տվեցի, ինչ որ կարող էի. Թշվառ մարդ։

Եվ մի՞թե կարող էր ժլատ և մարդատյաց լինել նա, որ այդպիսի վշտակցությամբ էր վերաբերվում դեպի իսկական կարոտյալները և թշվառները։