որոնց մեջ ուժ էր զգում, ատում էր ամբողջ էությամբ: Դրանից էր առաջանում այն սարսափելի թույնը, որով տոգորված են նրա բոլոր պոլեմիկական հոդվածները։
Նա չէր ուզում համոզվել, որ եթե յուր հակառակորդների արժանավորությունները խոստովանի, դրանով ինքն իրան ավելի կբարձրացնի, որովհետև ինչ հրապույր ունի անարժանների հետ կռվելը։
— Արժե՞ կռվել այդ մարդկանց հետ, որոնց ինքներդ ամեն կրիտիկայից ստոր եք համարում,— ասում էր նա երբեմն։
— Արժե, որովհետև նրանք վնասակար են։
— Կնշանակե ոչնչություն չեն, այլ ուժ, խոստովանեցեք, ուրեմն, որ դուք ուժի դեմ եք կռվում։
— Այո, թունավոր միջատներն էլ ուժ են, բայց նրանց հետ չեն կռվում, այլ ջախջախում են նրանց, ոտնատակ են անում։
Եվ իրավ, որ նա չէր կռվում, ինչպես դիսցիպլինայով անցած սառնարյուն զինվոր, այլ ջախջախում էր և ոտնատակ անում, ինչպես մի ասպատակ։
Գուցե դրանով պետք է բացատրել այն անսահման ատելությունը, որ զգում էին դեպի Րաֆֆի-Մելիքզադեն ամենը, որոնք երբևէ ենթարկվել են նրա հարվածներին։
X
Բանաստեղծների կյանքում կանայք սովորաբար մեծ դեր են խաղում, շատ անգամ արմատապես փոխում են նրանց հոգեկան աշխարհը։
Ազդե՞լ են արդյոք կանայք Րաֆֆիի վրա երիտասարդ հասակում, հետևապես և ներգործություն արե՞լ են նրա բանաստեղծական ուղղության վրա—ինձ հայտնի չէ։ Գիտեմ միայն, որ կանանց մասին նրա գաղափարը մերթ թեորետիկական էր, մերթ միակողմանի, գործնական։ Նա նրանց հոգեբանորեն չէր ուսումնասիրել— դրանով պետք է բացատրել այն գեղարվեստական աններելի սխալները նրա վեպերի մեջ, երբ նա կնոջ և տղամարդի սեր է նկարագրում։