Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/501

Այս էջը սրբագրված է

բառը և այնպիսի դյուրությամբ այդ անունը չէ կպցնում յուրաքանչյուրին, որքան իսկական գողը։ Ով չգիտե յուր դրական արժանավորություններով իրան բարձրացնել, ուրիշների բացասական հակությունները քննադատելով է զբաղվում։ Հասարակ մահկանացուների մասնավոր կյանքը սքողված է նրանց անհայտության քողով։ Իսկ բացառիկ անհատների անձնավորությունը ենթարկված է հասարակական քննադատությանը, ուստի բնական է, որ նրանց մասնավոր թերությունների վրա ամբոխը խոշորացույցով նայե։ Հիշում եմ շատ անվայել լուրեր Րաֆֆիի մասին, որոնք բխում էին Րաֆֆիի թշնամի բանակից և որոնք ոչ մի հիմք չունեին։ Արհամարհենք այդ Լուրերը և զզվանքով երես դարձնենք, որովհետև բոլորն էլ ուրիշ ոչինչ էին, եթե ոչ կրքի և ծայրահեղ ատելության ծնունդ—զրպարտություններ։