Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/503

Այս էջը հաստատված է

գլուխ Պողոս Իզմայլյանը, մի փոքրահասակ մարդ։ Ճառը, որ թարգմանեց ռուսերենից հայերեն Խորեն եպիսկ. Ստեփանեն, խորը տպավորություն գործեց Խրիմյանի վրա։ Բայց նրա բնությունն ավելի զորեղ գտնվեց, քան տպավորությունը։ Նա քաղաքագլխին ոտքից մինչև գլուխ նայեց և հարցրեց.

— Դուն ես գրել այգ ճառը։

— Այո, Ձերդ Սրբություն,— պատասխանեց Իզմայլյանր հայերեն։

— Դուն այդպես պզտիկ, ճառդ այդչափ աղվոր, շնորհակալ եմ,— ասաց Խրիմյանը։

Քաղաքագլուխը շփոթվեց, մենք, հայերս, նույնպես, որովհետև օտարները պահանջ ունեին, որ Հայրիկի յուրաքանչյուր բառը թարգմանվի ռուսերեն։

Էջմիածնում Խրիմյանին, ի միջի այլոց, ներկայանում է և մեր բանաստեղծներից մեկը իր ամուսնու հետ։ Տիկինը փոքրահասակ է։

Խրիմյանը նայելով նրան, դառնում է բանաստեղծին.

— Ա՞դ է քեզ ոգևորում բանաստեղծություններ գրելու։

— Այո՛

— Զավակս, աղեկ, որ չարիքներեն փոքրագույնն ես ընտրել։

Տիկինը վրդովվում է, բանաստեղծը՝ շփոթվում։

Խրիմյանը հումորիստ էր։ Ամենալուրջ և ամենահանդիսավոր պահերին անգամ նա չէր մոռանում իր բնածին հումորը։

Առաջին քարոզն էր Թիֆլիսի Վանքի տաճարում։ Բավական երկար քարոզ։ Սեղանի վրա դրված էր մի բազկաթոռ, Խրիմյանը խոսում էր ոտքի վրա։ Քարոզի կեսին նա ասաց.

— Շտէ այդպես։

Եվ նստեց բազկաթոռի վրա։ Դպիրների խումբը մի քահանայի ղեկավարությամբ, կարծելով, որ Հայրիկն ավարտեց քարոզը, սկսեց երգել «Հայր մեր»։ Հանկարծ ոտքի ելավ Խրիմյանը։

— Համբերիր, տեր պապա, ես խոսքս տակավին չեմ ավարտել