եմ, միայն մի ցանկություն ունե, այն է, որ Հայրիկը կաթողիկոսական գահի վրա մնա երկար, երկար տարիներ։ Ինչ վերաբերվում է գործունեությանը, ոչ ոք այնքան լավ չգիտե հայ եկեղեցու և հայ ժողովրդի պահանջները, որքան Հայրիկը, և համոզված ենք, որ նա կկարողանա լրացնել այդ պահանջները։
Հայրիկի դեմքը նորեն պայծառացավ։
— Մոտեցիր,— ասաց նա,— մոտեցիր։
Ես մոտեցա և նրա աջը համբուրեցի։
— Զավակս աղեկ ճառեցիր,— ասաց նա և համբուրեց ինձ։
Դժբախտաբար մեծ էր այն մարդկանց թիվը, որ չգիտեին հարգել Հայրիկի նրբազգացությունը և շարունակ ձանձրացնում էին նրան իրենց անկոչ խորհուրդներով։ Երբեմն նրա մոտ գալիս էին իրանց «քաղաքական ծրագիրներով» մարդիկ, որոնց սահմանափակ խելքը չէր կարող ըմբռնել Խրիմյանի մեծությունը։ Ամենից ավելի այդ մեծությունը չէին տեսնում նրանք, որոնք ամեն օր Խրիմյանի քով էին,այն պարզ պատճառով, որ հոյակապ արձանի տակ կանգնողները չեն կարող տեսնել նրա բարձրությունը
⁂
Խրիմյանի ազատամտությունը ոմանց զարմացնում էր, ոմանց վրդովեցնում։ Մինչև նրա Կաթողիկոս ընտրվիլը ապահարզանի խնդիրը մի ծանր լուծ էր էջմիածնի վրա։ Նրա նախորդները, կես դարի ընթացքում, հազիվ 6—7 ամուսնալուծություն էին թույլ տվել։ Խրիմյանը առաջին իսկ տարին թույլ տվեց 57 ամուսնալուծություն։ Մի անգամ էջմիածին է գալիս մի պարոն բողոքելու, որ Խրիմյանը թույլ է տվել իր կնոջը բաժանվել և ամուսնանալ մի ուրիշի հետ։
— Սիրո՞ւմ էիր ամուսուդ,— հարցնում է Հայրիկը վրդովված պարոնին։
— Ո'չ։
— Ան ալ քեզի չէր սիրում։ Ուստի բաժանեցի։
— Բայց, Վեհափառ, դուք նրան իրավունք եք տվել