Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/507

Այս էջը սրբագրված է

ամուսնանալու մի ուրիշի հետ և դրանով ինձ զրկել եք այդ իրավունքից։ Ռուսական օրենքով երկու ամուսնալուծվածներից միայն մեկը կարող է ամուսնանալ. ինչո՞ւ այդ մեկը կինս է և ոչ ես։

— Ըշտե, գնա դու էլ ամուսնացիր։

— Ուրեմն թո՞ւյլ եք տալիս։

— Հարկավ։

— Բայց օրե՞նքը։

— Օրենքն իմ խոսքն է։ Քալե՛։

Եվ Խրիմյանը ստորագրում է պարոնի ամուսնության թուղթը։

Խրիմյանի այդ ազատամտությունը այնքան կատաղեցրեց խավարամիտներին, որ նրանք գաղտնի բողոքեցին Ռուս կառավարությանը, և հետևանքն այն եղավ, որ ամուսնալուծության իրավունքը կաթողիկոսից խլվեց և տրվեց Սինոդին...

Մարդիկ զարմանալի փոքրանում էին Խրիմյանի խոսակցության մեջ։

— Ի՞նչ տպավորություն թողեց ձեզ վրա փոխարքա Վորոնցով-Դաշկովը,— հարցրի ես նրան այն օրը, երբ առաջին անգամ տեսնվել էր կոմսի հետ։

— Թույլ է, ձայն չունե, խոսքը չի ազդեր,— պատասխանեց Հայրիկն արհամարհանքով—ան Գոլիցին քիչ մը կազդեր իր խոսելու եղանակով։

Նա ոչ մի նշանակություն չէր տալիս կայսեր հետ իր տեսնվելուն։ Խոսում էր Նիկոլայ Բ-ի մասին իբրև մի հասարակ պատանու վերաբերմամբ։

— Պզտիկ մարդ մըն է, կայսերական շուք չունե: Առհասարակ Խրիմյանը մարդկանց հետ վերաբերվում էր մի տեսակ անփութությամբ և արհամարհանքով։ Չկար նրա համար ոչ իշխան, ոչ ծառա, ոչ հարուստ, ոչ էլ աղքատ։ Ամենքը միևնույն արժեքն ունեին նրա աչքում։ Այդ տեսակետեը նա կատարյալ բանաստեղծ էր։ Միայն մի բանի առաջ էր խոնարհում նրա անկախ ու հպարտ հոգին — ժողովրդի։ Հիշում եմ այն պահը, երբ Ներսիսյան դպրոցի երգեցիկ խումբը նրա առջև երգեց Վանի մի ինչ-որ ժողովրդական երգ։ Պետք է տեսնեիք Խրիմյանին այդ պահին։ Այդ հսկա մարդը