ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆՑ
Զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբեմն մարդուն պարգևելով բարձրագույն արժանավորություններ, տալիս է նրան մի որևէ տարօրինակ հատկություն, որ խանգարում է մարդուն իր բնածին ձիրքերը գործադրելու կյանքի մեջ։
Ավետիք Արասխանյանցը կլիներ մի շատ խոշոր և գուցե բացառիկ դեմք ռուսահայերի հասարակական կամ գրական կյանքում, եթե չունենար ի բնե մի շատ փոքրիկ, շատ չնչին թերություն, որ սակայն ողբերգական դեր կատարեց նրա համար։ Ի՞նչ էր այդ թերությունը, ես դժվարանում եմ որոշել մի խոսքով։ Առօրյա լեզվով նրան կարելի է անվանել մանրակրկտություն կամ ճշտամոլություն, որը կամենաք։
Ավետիք Արասխանյանցը ճշմարտության մեջ ճշմարտություն փնտրելու մոլի սերն ուներ։ Պարզ իրողությունը նրան չէր գոհացնում։ Գտնելով արմատը, նա կանգ չէր առնում, այլ աշխատում էր դիանալ չկա՞ արդյոք նրա տակ մի ավելի խոր արմատ։
Այդ ճշմարտությունը գուցե Արասխանյանցին ծառայեր իբրև արժանավորություն, եթե չհասներ ծիծաղելի չափազանցության։ Արասխանյանցը մանրակրկիտ էր ամենաչնչին բաների վերաբերմամբ նույնչափ, որչափ լուրջ հասարակական խնդիրներում։
Անեկդոտ պիտի թվա ձեզ, ինչ որ ասեմ այս առիթով այդ