էր նրա համար, վասզնի ատում կամ սիրում են զորեղներին։ Բայց նրան չէին էլ արհամարհում, վասնզի ոչ ոք նրան ոչնչություն չէր համարում։ Նրան միայն ծաղրում էին ամենքն ու ամենուրեք, և դա էր սոսկալին։ Հարկավ, նա ևս ուներ հարգողների մի խումբ, բայց այդ խումբն այնքան փոքրաթիվ էր, նրա ձայնը այնքան տկար էր, որ խլանում էր ամբոխի հռհռոցի մեջ։
Սակայն այդ ապաբախտ մարդն ուներ խոշոր արժանավորություններ։ Ռուսահայ կյանքի ճգնաժամին նա մեծ ծառայություն է մատուցել հայ գրականությանը։ Նա էր միայն, որ կարողացավ հայակեր իշխան Գոլիցինի օրերին իրավունք ստանալ մի լուրջ գրական-գիտական ամսագիր հրատարակելու։
«Մուրճ» էր այդ ամսագրի անունը։ Այժմ նա այլևս գոյություն չունի, բայց նրա կատարած դերը պիտի որոշ էջ բռնե հայ գրականության պատմության մեջ։ «Մուրճ»-ն էր, որ ընթերցողների լայն շրջանները ծանոթացրեց Հովհաննես Թումանյանցի և Ավետիք Իսահակյանցի և Շանթի հետ։ Ի միջի այլոց այնտեղ են տպվել իմ «Արսեն Դիմաքսյան»-ը և «Արտիստը»։
Ես հարգում էի Ավետիք Արասխանյանցին խորապես և՛ իբրև մարդու, և՛ իբրև հասարակական գործիչի։ Անապական շիտակություն ուներ այդ մարդը, անկաշառ և անաչառ էր վերին աստիճանի, նաև ծայրահեղ անշահասեր։
Իբրև հրապարակախոս նա ամբողջ գլխով բարձր էր իր ժամանակակիցներից։ Ճշմարիտ է, նա չուներ Գրիգոր Արծրունու ավյունը, բայց մտքով ավելի խորն էր նրանից։ Թեև մանրակրկիտ, բայց միշտ հետաքրքրական վերլուծող էր։
Մինչ Արծրունին խնդիրները քննում էր մակերևութաբար, Արասխանյանցը միշտ ձգտում էր նրանց խորը թափանցել: Նա ոչ մի թեզ չէր պաշտպանում առանց կրկնակի, եռակի փաստերի։ Նրա միակ թերությունը լեզվի ճապաղությունն էր: Նա գիտեր գրել գեղեցիկ։ Նա ամբողջովին կլանված էր ճշմարտությամբ։ Գրական ձևը խորթ բան էր նրա վերլուծող գրչի համար։ Իր մտավոր զարգացմամբ նա Արծրունուց