Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/515

Այս էջը սրբագրված է

հակառակորդի անձնավորությունը վիրավորելու, նույնիսկ այն ժամանակ, երբ նրան վիրավորում էին։

— Պարոն, այդպես չէ, պարոն, սխալվում եք,— ահա նրա սովորական ընդդիմադրությունը հակառակորդին։

Մի անգամ ես նրան տեսա իր հավասարակշռությունը կորցրած և բորբոքված։ Վիճում էր Ալեքսանդր Քալանթարի հետ, որ Արծրունուց հետո «Մշակ»—ի խմբագիրն էր։ Այդ մարդն էլ Արասխանյանցի չափ չափավոր վիճաբանող էր։ Այս անգամ երկուսն էլ կատաղեցին և իրարու հասցեին արտասանեցին հայհոյանքներ, որ երբեք չէի լսել ոչ մեկի և ոչ մյուսի բերանից։

— Այ տղա, զոկերը գժվել են,— ասաց Ղազարոս Աղայանցը և, մեջ ընկնելով, կռվողներին բաժանեց իր հսկա ձեռներով։

Արասխանյանցը շատ էր վազում ժողովրդականության ետևից։ Իբրև ամբոխի հոգեբանությունը լավ չուսումնասիրած մեկը, նա չգիտեր, որ ժողովրդականությունը այն քմահաճ հարճն է, որին որքան շոյես, այնքան հեռու կփախչի քեզնից։

***

Ընտանեկան կյանքում Ավետիք Արասխանյանցը դժբախտ էր։ Նա ծնված էր լավ ամուսին և լավ հայր լինելու, չունեցավ իր արժանավոր վիճակը ընտանեկան հարկի տակ։

Իր կյանքի վերջին տարիներում նա հոգեպես ընկճվել էր անճանաչելի լինելու չափ։ Այն մարդը, որին մենք վերադրում էինք երկաթե կամք, դարձել էր անզոր պատանի իր անհատական դժբախտության լուծի տակ։

Հասարակությունը գրեթե մոռացել էր նրան այն օրից, երբ իր «Մուրճ»-ը ստիպվեց վաճառել ուրիշներին։ Նա սկսել էր պարապել գիտություններով, բայց այլևս ուշ էր, նրա ճակատագիրը որոշված էր արդեն։

Մեր վերջին հանդիպումն ուղղակի ողբերգական էր։

Նա եկել էր ինձ մոտ մնաս բարև ասելու։ Հրավիրված