Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/523

Այս էջը սրբագրված է

աչքերը սև հոնքերի տակից։ Տեսա և ճանաչեցի, հակառակ նրա երկայն ու ալեխառը մորուքին։ Երվանդ Օտյանն էր, իմ նախկին ուսուցիչը, մեր ամենից սիրված ու հարգված երգիծաբանը։ Նա, որ շատ անգամ էր կշտամբել ինձ ծուլությանս համար։ Այո, վստահ էի, որ նա է, ուրիշ ոչ ոք և ո՞վ կարող էր ունենալ այդ գեղեցիկ, մելամաղձոտ և մարդուս հոգին թափանցող աչքերը։ Բայց և այնպես կամեցա ստուգել, արդյոք չե՞մ սխալվում։ Երևակայել անգամ չէր կարելի, թե Երվանդ Օտյանը կարող է այդ վայրերն ընկնել։

Սի վայրկյան խորհեցի առանց վարանելու, դիմել նրան ու հարցնել, բայց զգացի, որ այդ վտանգավոր է. կարող էի սխալված լինել և իմ գաղտնիքը վտանգի ենթարկել, չէ՞ որ կյանքում հնարավոր են այդպիսի նմանություններ երկու տարբեր մարգերի մեջ։ Ոտքի ելա և ծանր քայլերով անցա նրա մոտով իբրև թե միանգամայն անուշադիր դեպի մարդը և նայելով մի ուրիշ կողմ, ցածր ձայնով արտասանեցի «Երվանդ Օտյանն»։ Նա ուշադրություն չդարձրեց, միշտ գլուխը կրծքին թեքած։ Ես ավելի բարձր ձայնով կրկնեցի «Երվանդ Օտյան»։

Նա լսեց, նա ցնցվեց, նայեց վարից վեր վախեցած և նորեն գլուխը թեքեց կրծքին, ձեռով մի բացասական շարժում անելով։ Այն ժամանակ ես վճռեցի վերջին միջոցին դիմել — արտասանել իմ անունն ու ազգանունը։ Ես նրա աշակերտների մեջ ամենաաղմկարարն էի, ես միշտ նրա ուշադրության ու կշտամբանքների առարկան էի։ Նա չէր կարող չմտաբերել իմ անունը, պետք է ճանաչեր ինձ։ Եվ ճանաչեց։ Անմիջապես նրա նիհար, մթագնած երեսը լուսավորվեց անսպասելի ուրախության ժպիտով, նման գիշերվա խավարին, որ հանկարծ լուսավորվում է կայծակով։ Ահ, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ սքանչելի վայրկյանը։ Ես արդեն հուզվել էի։

Այո, ասացի, ես եմ, քո նախկին աշակերտը, իմ ուսուցիչ։ Հիշու՞մ եք, թե ինչպես մի անգամ երդվեցիք ծեծել ինձ և չծեծեցիք։

Հենվելով իր ձեռնափայտին, նա ոտքի ելավ ու լուռ մի քայլ մոտեցավ ինձ։ Այդ րոպեին ես պատրաստ էի հարձակվել նրա վրա, փաթաթվել նրա ոսկրացած պարանոցին