Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/525

Այս էջը սրբագրված է

և այնտեղից գնում էինք Թոքաթլիի ճաշարանը կամ ճաշում էինք հյուրանոցի սեղանատանը։

Ես միայն առաջին անգամ Օտյանին արթուն տեսա, մնացած օրերը միշտ գինովցած էր։ Ես դիտմամբ գործ ասեցի «գինովցած» բառը։ Դա մեկն է թրքահայ ոճի նրբություններից։ Հարբել բառը ես համարում եմ գռեհիկ՝ գոնե Երվանդ Օտյանի նկատմամբ։ Գինովության և հարբեցման մեջ կա մի անջրպետ, այս մեկը չպիտի մոռանար Երվանդ Օտյանը խմում էր և շատ էր խմում, այն էլ գլխավորապես օղի—դուզիկո կամ մասթիկա—բայց երբեք, երբեք չէր հարբում այն իմաստով, որով մենք գործ ենք ածում այդ վուլգար բառը։ Երբեք ես նրան չտեսա քայլելու ժամանակ աջ ու ձախ երերվելիս, երբեք բանականությունը մթագնած, երբեք լեզուն կարկամած, երբեք իր եվրոպական ձևերի, կիրթ շարժումների դեմ մեղանչելիս։

Ասում են ալքոհոլը մարդկային գեշ բնազդների արթնեցուցիչ խթանն է, այդ ճիշտ է, բայց ինչո՞ւ չավելացնել, որ նա, միևնույն ժամանակ, և բարի ու գեղեցիկ բնազդների խթանն է։ Էականը կախված է անհատի բնածին առանձնահատկություններից ու կրթությունից։ Օտյանի ներսում լավը գերակշռում էր վատից, գեղեցիկը տգեղից, բարին չարեց։ Կրթությամբ կատարյալ եվրոպացի, նա գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը։ Նրա հոգեկան հարստություններն էին՝ բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը։ Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով։ Նա օղու բաժակների մեջ խեղդում էր միայն բացասականը, ավելի զորեղ արտահայտելու համար դրականը։ Նա այդ անում էր ոչ գիտակցաբար, ոչ ի ցույց մարդկանց, այլ այնպես, բնազդաբար։ Նա ինքն էլ չգիտեր ինչու է խմում, գիտեր միայն, որ խմելը ավելի է գեղեցկացնում կյանքը կամ գոնե ավելի է թեթևացնում նրա լուծը։ Դա նրա հավատո հանգանակն էր...

Մի բան ինձ շատ էր հետաքրքրում—ե՞րբ է նա աշխատում։ Այս հարցը ես ինձ թույլ տվեցի նրան տալու միայն