սլաքներից։ Բայց նա ոչ ոքի չէր խնայում և ոչ որ էլ չէր հանդգնում նրա դեմ ելնել իր կոտրած վահանով։ Սրա գաղտնի ու հայտնի հակառակորդները շատ-շատ կարողանում էին իրարու մեջ մրթմրթալ.
— Երվանդ Օտյանը արբշիռ մըն էր։
Այսքանը և ոչ ավելի։ Ուրիշ ի՞նչ կարող էին ասել այդ բարոյապես անապական և մտավորապես բյուր անգամ իրենցից բարձր մարդու մասին։
Իմ ներկայությամբ Երկանդ Օտյանը միայն մի անգամ դավաճանեց իր բնածին նրբազգացությանը և իր ընտանեկան քնքուշ կրթությանը և այդ մի անգամն էլ հակա֊ ռակի պես ինձ ձգեց անախորժ դրության մեջ։
Ահա եղելությունը.—
Պոլսահայ կանանց լիգան ինձ առաջարկել էր ի նպաստ ընկերության մի բանախոսություն անել։ Իմ սովորության համեմատ ես բանախոսությունից հրաժարվել էի, կրկնելով իմ մշտական խոսքը — «բնությունը ձեռիս մեջ գրիչ դնելով, լեզուս խլել է»։ Բայց լիգայի նախագահուհու համառ թախանձանքից հարկադրված խոստացել էի հրպարակորեն կարդալ իմ նոր պիեսներից մեկը, եթե չեմ սխալվում, «Արմենուհի»֊ն։
Մի օր ինձ մոտ եկավ այդ տիկինը և հայտնեց, թե ընթերցանության օրը որոշված է, սրահը վարձված է, տոմսակներն արդեն ցրվում են, և խնդրեց, որ խոստումս չմոռանամ։ Ես չգիտեի, որ այդ կինը բանաստեղծուհի է (պոլսահայ կանանց երեքից մեկը բանաստեղծուհի է) և ունի մի շարք ոտանավորներ, ուր երդվում են վարդը, սոխակը, առավոտյան արշալույսն իր վառ գույներով, երեկոյան թախիծը և այլ նման նոր բաներ։
Տիկինը զանազան ծուռումուռ ուղիներով բանն այնտեղ հասցրեց, որ վերջապես վայրկյան որսաց խոսելու բնության և կյանքի գեղեցկության մասին.։ Վերջը նա իր քսակից դուրս բերեց տասնհինգ տարեկան մի աղջկա լուսանկար։ Տիկինը ինքը հիսունուվեց տարեկան էր։ Նա լուսանկարը պահելով աչքերիս առջև, հարցրեց.
— Նայեցեք, կճանչնա՞ք, թե ոչ։