Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/531

Այս էջը սրբագրված է

սիրե՞լ է մի կին և այժմ ունե՞ր որևէ հարատև կապ մեկի հետ։ Նա կանանց հետևից չէր վազում վավաշոտ կապկի պես, ինչպես շատ-շատերն են իր հայրենակիցներից։ Իսկ իրեն փնտրողներ, երևի, կային։

Երվանդ Օտյանը մի առանձին ատելություն ուներ դեպի այն կանայք, որոնք հորջորջվում էին որպես «ազգային կամ հասարակական գործիչներ»։ Այնուամենայնիվ, այդ կանայք հանգստություն չէին տալիս նրան։ Մի օր ես Իշխանաց կղզիներից մեկումն էի մենակ և հիանում էի Մարմարյան ծովի տեսարանով, հանկարծ հեռվից լսեցի իմ անունը։ Երվանդ Օտյանն էր։ Նա վազում էր դեպի ինձ, ձեռները գլխից վեր բարձրացրած, նման փախչող սագի թևերին։ Երկու երիտասարդ կիներ, բարձրաձայն քրքջալով վազում էին նրա հետևից, ջանալով նրան բռնել։

— Չեմ կրնար, չեմ կրնար,— աղաղակում էր Օտյանը ինչպես երկու տարեկան մանուկ, որին մայրն ուզում էր լողարան մտցնել։

— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես, ծիծաղելով, վասնզի իրավ որ տեսարանը ծիծաղելի էր։

Պարզվեց, որ այդ կանայք «գործիչներ են», ուզում են խեղճ Օտյանին զոռով տանել մի ինչ-որ հարստի մոտ «ազգային պետքերի» համար դրամ մուրալու։

Ես նրան ազատեցի իր հալածողների ձեռքից, հավատացնելով նրանց, թե մենք ժամադրված ենք իսկույն ևեթ Կ. Պոլիս վերադառնալու։

Մի ուրիշ անգամ Օտյանը, պարպելով դուզիկոյի չգիտեմ քանիերորդ բաժակը, հարցրեց.

— Տիկին X եկա՞ծ է ձեզի...

— Ո՞վ է այդ տիկին X․․․, չեմ ճանաչում։

— Շտե կճանչնաք, տիպար մըն է։ Կարիք չկա զինքը փնտրելու, օր մը ինքը կոպա ձեզի ծանոթանալու։ Բայց զգույշ, չըլլա թե որսվիք, պիտի զղջաք։

— Չեմ հասկանում ի՞նչ եք ուզում ասել։

— Մտիկ ըրեք, ըսեմ. յուրաքանչյուր կին ուռկան մը ունի այր մարդիկ որսալու համար. մեկուն գործիքը գեղեցկությունն է, մեկ ուրիշինը՝ խոսքը կամ երաժշտությունը,