սակայն կապակցաբար և առանց մեկը մյուսին հակասելու։
— Ի՞նչ կարծիքի եք հնչակյան կուսակցության մասին,— հարցրի ես։
— Ձգեք, ջանըմ, ձգեք,— գոչեց Օտյանը, ձեռով մի արհամարհական շարժում անելով։ — Ի՞նչ է հնչակյան։ Դաշնակցության հարազատ եղբայրը, նույն արմատեն ելած, նույն որովայն են ծնած։ Անոնց կռիվը դաշնակցության հետ հացի խնդիր է. կջանան իրենք ալ գդալ մը ունենալ կաթնապուրին մեջ։ Կխաբեն, ըսելով, թե պայքարը գաղափարական է։ Անոնք իրարու մեջ ալ կկովին ու կբզկտվին, ալ հին հընչակյան, ալ վերակազմյալ, ալ սոցիալ֊դեմոկրատ, բոլորն ալ սուտ, բոլորն ալ հացի խնդիր, քիչ մըն ալ ազգին մոռացությունեն ազատվելու փափագ։ Սապահ Գուլյան կճանչնա՞ք,— հարցրեց նա հանկարծ։
— Ոչ։
— Կըսեք, որ Ամերիկա երթալու եք, կհանդիպիք, ուսումնասիրեցեք զինքը, տիպար մըն է։ Իսկ Թախտաճյան տեսա՞ք։ Հոս է, ձեր հյուրանոցին մեջ։ Ան ալ ուրիշ տիպար է։ Դեսպան է դաշնակցական Հայաստանի կողմեն։ Խեղճ ու անլեզու մեկն է, սակայն դրամ պահանջելու մեջ ոչ ոք կրնա մրցել անոր հետ։
— Ումի՞ց է դրամ պահանջում։
— Ունեցողներեն ու չունեցողներեն, բացի ինձմե։ «Տվեք, կըսե, Հայաստան փարայի պետք ունի։ Պետություն մըն է, անկախ պետություն, զորք կկերակրե, դպրոցներ կբանա, համալսարան մըն ալ, թատրոն, թանգարան, ալ ինչ—չգիտեմ...»։
— Բայց պոլսահայերն ունի՞ն դրամ։
— Քչեն֊շատեն, սնդուկին հատակը։ Իբրանոսյան մը ունինք, անիկա կրնա գումար մը տալ, անոր օձիքն այժմ գաշնակցականներուն ձեռքերուն մեջ է։
— Ո՞վ է այդ Իբրանոսյանը։
— Մեծահարուստ վաճառական մը, բամբակի առևտուր կընե։ Պատերազմի ատեն ինքը զինքը աղա Իբրանոս հռչակեց, թրքություն ընդունելով։ Ի՞նչ ըներ, կամեցավ իր գույքն ու կյանքը կորստեն ազատել։ Արմիստիսեն վերջը նորեն