Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/536

Այս էջը սրբագրված է

ՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Անցել է մոտ քսան տարի այն օրից։ Ճիշտ թվականը շեմ հիշում։

Ղազարոս Աղայանցի քառասնամյա գրական գործունեության հոբելյանն էր։ Իսկապես դա հոբելյան չէր, այլ մի պարզ ընկերական հացկերույթ։ Բռնակալ իշխան Գոլիցինի բոունցքն այդ ժամանակ իր գերագույն ուժի մեջ էր, և ամեն մի հայ հասարակական տոնախմբություն արգելված էր։ Սակայն ոստիկանապետը «բարի» էր եղել թույլ տալու մի հացկերույթով պատվելու ծերունի Աղայանցին։

— Պայմանով, որ հացկերույթի ժամանակ ոչ մի քաղաքական բովանդակությամբ խոսք չարտասանվի — ասաց նա ինձ, որ գնացել էի այդ թույլտվությունը ստանալու։

— Երաշխավորում եմ, որ չի արտասանվի, բոլոր ճառերը կունենան գրական բովանդակություն։

Սակայն ես գիտեի, որ «բարի» ոստիկանապետը չի բավականանալու իմ երաշխավորությամբ և հացկերույթին ներկա է լինելու նրա գաղտնի աժանը։ Այս իսկ պատճառով ես նախքան հացկերույթը խոսողներին զգուշացրի ու գրավոր ճառերը մեկ-մեկ կարդացի։ Բարեբախտաբար ուղերձների և ճառախոսների թիվը մեծ չէր։ Հարյուրավոր բազմության ուշադրությունն ավելի հացի սեղանով էր գրավված, քան ճառերով։