ժպտաց խիստ բարեկամաբար։ Այնուհետև, դառնալով իր ընկերոջն՝ ասաց.
— Ոսկան, եկ մի բան ուտենք։
Ոսկանը կրթիչ մի հայացք գցեց նրա վրա և գլխով բացասական շարժում արավ, ասել էր թե՝ սպասիր, դեռ ուտելու ժամանակը չէ։
— Հապա ի՞նչ անենք։
Եղուշն իսկույն ևեթ նստեց նրա քով և առաջարկեց թուղթ խաղալ։ Անմիջապես նրա առջևը ցցվեց Ոսկանն օրինակելի ոստիկանի պես։
— Թաթոս աղան թուղթ խաղալ չի կարողանում,— արտասանեց նա, աշխատելով իր տենորը բարիտոն դարձնել։
— Ես թուղթ խաղալ չեմ կարողանում,— կրկնեց Թաթոս աղան և ժպտաց, լայն բերանը բանալով մինչև ականջները։
— Վեր կաց գնանք, վեր կաց,— դարձավ Ոսկանը Թաթոսին մի տեսակ դայակի եղանակով։
Վիթխարին հեզ երեխայի պես լուռ վեր կացավ, գցեց ուսերի վրա մազմազոտ տառատոկը և հետևեց ընկերոջը որպես մի խորտակված առագաստանավ մի փոքրիկ շոգեմակույկի ետևից։
Այս անգամվա անհաջողությունը զայրացրեց Եղուշին։
— Ադա, մեկ դրան մտիկ արեք հա,— ասաց նա Բաքվի բարբառով,— ադա դա իր բոյ ու բուսաթից չի ամաչում, էդ քոթոթի խոսքով է ժաժ գալիս։ Բեղերին մտիկ ես անում, կասես Ռուստամ Զալն է, հը, տոմբալան։
Եվ, իրավ, անհասկանալի էր այդ թզուկի իշխանությունը վիթխարիի վրա։ Սկզբում ես կարծում էի՝ վիթխարին թզուկի գործակատարն է։ Պարզվեց, որ երկուսն էլ անկախ առևտրականներ են, և ոչինչ կապ չկա նրանց մեջ, բացի համաքաղաքացիությունից։
Ամբողջ ժամանակ նրանք անբաժան էին։ Հրամայողը շարունակ թզուկն էր, հպատակվողը՝ հսկան։ Ուր գնում էր մեկը, մյուսը հետևում էր նրան ձեռնասուն փղի պես։ Մի քանի անգամ ես փորձեցի Պաթոսի հետ անմիջական խոսակցություն սկսել, անհաջող, միշտ մեջ էր ընկնում Ոսկանը միջակետի պես և մեզ բաժանում։