ինքնակենսագրական այս երկը Շիրվանզադեն սկսել է գրել 1910 թվին։ Առաջին մասի վեց գլուխները յոթի բաժանված՝ 1) «Դեպի պանդխտություն», 2) «Իմ խնամատարը» 3) «Իմ պաշտոնակիցները» 4) «Ծովի վրա» 5) «Թաթոսը և Ոսկանը» 6) «Առաջին փոխառություն» 7) «Առաջին սեր» - տպագրվել են «Հորիզոն» օրաթերթում՝ 1910 թ․ վերջին և 1911 թ․ սկզբին և ապա մտել են հեղինակի երկերի ժողովածուի առաջին հրատարակության մեջ («Ժողովածու երկերի», հատոր չորրորդ, Թիֆլիս, 1912)։
«Կյանքի բովից»-ի առաջին հրատարակության առաջաբանում իր այս երկի մասին հեղինակը գրում է․ «Կհետաքրքրե՞ ներկա գրվածքը ընթերցողներին, թե ոչ - չգիտեմ։ Իմ կողմից մի բան կարող եմ խոստանալ և կատարել ամենայն ճշտությամբ - երբե՛ք չդուրս գալ իրականության սահմանից, երբե՛ք չհնարել որևէ տեսարան կամ ստեղծել որևէ դեմք։
Իմ կարծիքով, կյանքն ինքնըստինքյան այնքան գեղեցիկ է, որ կարիք չկա նրան շպարելու և այնքան տգեղ, որ հնար չկա ավելի այլանդակելու։ Կյանքը և՛ պոեզիա է, և՛ պըոզա, և՛ երկինք, և՛ երկիր։
Թո՛ղ ուրեմն դեպքերն ու դեմքերն իրանք իրանց լեզվով խոսեն ընթերցողին։ Թո՛ղ ես լինեմ մի պարզ արձանագրող, մի կենդանի վկա - այսքանն էլ արդեն մեծ աբն է, եթե, հարկավ, կարողանամ մնալ կյանքը անաչառ դիտողի կոչման բարձրության վրա։
Ես բաժանեցի ներկա գրվածքը երեք մասի։
Առաջին մասն իմ մանկական հիշողություններն են, որոնք «Իմ կյանքից» վերնագրով կապվեն ուրիշ անգամ։ Երկրորդ մասը կամփոփի յուր մեջ երիտասարդության շրջանում տեսածներս ու կրածներս։ Ահա այս մասից է, որ տպագրվում է իմ գրվածքը։ Երրորդում, ի միջի այլոց, ասպարեզ կգան իրանց իսկական պատկերներով մի շարք գրական և հասարակական դեմքեր, որոնց ես ծանոթ եմ եղել։ Բայց այս մասին հետո․․․