Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/56

Այս էջը հաստատված է

հոն, առաջարկեց ընկերոջը։ Այդ վայրկյանին շոգենավը դարձյալ ցնցվեց, չորացրած հոնը թափվեց հատակի վրա, Ոսկանը դարձյալ ընկավ Թաթոսի գիրկը։

Ծերունի վաճառականը պառկեց թավշյա բազմոցի վրա երեսնիվեր և մեզ էլ խորհուրդ տվեց նույնն անել։

Ես բարձրացա տախտակամած։ Ոչինչ առայժմ չէի զգում, բացի անզուսպ հետաքրքրությունից — տեսնել վերջապես ծովի արհավիրքը, որի մասին այնքան լսել ու կարդացել էի։

Նավապետը կանգնած էր կամրջակի վրա. նա հագած էր ռետինե անթափանցելի վերարկու, որի սրածայր գլխանոցը նրան աբեղայի տեսք էր տալիս։ Մրրիկից հալածվող անձրևի շիթերը ճիպոտում էին նրա պղնձյա դեմքը, բայց նրա տարերային անհողդողդ ձայնը հնչում էր մետաղի պես։ Մի տարօրինակ հանգստություն էի զգում, վարից վեր նայելով նրա ինքնավստահ կերպարանքին, որ մոխրագույն երկնակամարի վրա նկարվել էր ինչպես պահապան հրեշտակ։

— Օ՜, երիտասարդ պարոն, դա Չեչենն է,— գոչեց մոտովս անցնող մի ծերունի նավաստի.— հանաք անել չի սիրում։

Եվ նա բացատրեց ինձ, որ այդ անունով է կոչվում ծովի ամենախոր տեղը, ուր կա ջրապտույտ։

— Մենք կործանվու՞մ ենք,— հարցրի ես միամտաբար։

— Դեռ ոչ,— ասաց ծերունին և չքացավ նավի ծայրում, մառախուղի մեջ։

Ծովը մռնչում էր ամեհի գազանի պես, կարծես մահացու վերք էր ստացել։ Մրրիկն ուժեղ զարնվելով կայմերի պարաններին՝ արձակում էր սուր սուլոցներ, որոնք թափանցում էին մարդու ուղեղի մեջ ասեղների պես։ Մոլար ճայերի մի երամ հետևում էր շոգենավին, աշխատելով պատսպարվել նրա վրա։ Ներհակ քամին նրանց ետ էր մղում, թշվառներն անզոր պտտում էին մրրիկի մեջ, ծառերից պոկված աշնանային տերևների նման։ Վերջապես, երկար ճիգերից հետո, նրանք կարողացան թառ շինել կայմերի խաչաձև թևերի վրա միմյանց ամուր կպած, ինչպես որբացած քույրեր։

Շոգենավի կողքից բարձրացավ մի հսկա կոհակ, ընկավ