տախտակամածի վրա և մռնչալով խորտակվեց ինչպես մի ուժանակ։ Գոյացան բյուրավոր պղպջակներ։ Ջուրը մի վայրկյան կանգ առավ՝ կարծես մտածելով դեպի ուր հոսել, ապա վազեց տախտակամածի դեպի մյուս կողմը, հետը տանելով պարանների մի օղակ և մի քանի փայտյա նստարաններ։
— Էյ, ո՞վ է այդտեղ,— գոռաց նավապետը,— հեռացեք, ոչ ոքի մի թողնեք տախտակամած բարձրանալու։
Հրամանն ինձ էր վերաբերում. ես անշարժ էի։ Քանի արհավիրքը սաստկանում էր, այնքան ես գրավվում էի նրանով, թեև փոթորիկն արդեն սկսել էր ազդել ինձ վրա։
— Անցեք ցռուկի կողմը, այնտեղ մի կերպ թաքնվեցեք, որ նավապետը ձեզ չտեսնի,— խորհուրդ տվեց ինձ մի երիտասարդ նավաստի,— իսկ եթե ալիքները ձեզ տանեն, ես մեղավոր չեմ։
Երերվելով և սայթաքելով լպրծուն տախտակամածի վրա՝ քաշվեցի դեպի նավի ծայրը։ Մառախուղն ինձ թաքցրեց նավապետից։ Երկու ձեռներով ամուր բռնելով մի երկաթե հաստ գլանից, որի վրա փաթաթված էր խարիսխի շղթան, նայեցի դեպի վեր, և սարսուռը պաշարեց ինձ։ Ալեկոծված ծովը րոպե առ րոպե իմ առջև բաց էր անում մթին և անհատակ մի անդունդ՛ վիթխարի ձագարի ձևով։ Նավը բարձրացնում էր ցռուկը, ցցվում էր հետույքի վրա և կառանչում որպես հարձակվելու պատրաստ վիրավոր վագր։ Եվ թվում էր, որ, ահա, նա պիտի գլխիվար թավալվի իր առջև բացված վիհի մեջ և անհետանա կատաղի ջրերի տակ։ Բայց ամեն անգամ դեմուդեմ վազում էին նորանոր ալիքների հսկա դեզեր և, ինքն իրենց ուժից խորտակվելով, լցնում էին անդունդը։ Նավը ետ էր ցատկում, կարծես, շունչ առնելու համար, որպեսզի նորեն դիմադրի զայրացած թշնամուն։ Երբեմն վայրագ կոհակներն ուժգին թափով բարձրացնում էին նրան իրենց բաշերի վրա և մի կտոր տաշեղի պես նետում այս ու այն կողմը։ Դա տարերքների ցասկոտ հեգնանքն էր։ Թվում էր, թե ծովն իր դեպի վեր ցատկող հորձանքներով թքում է երկնքի երեսին։ Մի պահ թշվառ նավն այնպես բարձրացավ, որ նրա անիվները դուրս եկան ջրերից և պտտվում էին օդի մեջ։