Ապա վար իջնելով տնքաց այնպես, որ կարծես նրա ողնաշարը կոտրվեց։ Ես նայեցի մի վայրկյան, տախտակամածի վրա ոչինչ չէր մնացել, ալիքներն ամեն ինչ ծով էին տարել։ Ճարճատելով խորտակվեց երկու կայմերից մեկը և տեղ-տեղ կողերի պատնեշները։ Տախտակամածի վրա երևացին մթին ծերպեր, որոնցով ջուրը թափանցում էր դեպի նավի ներսը։
— Էյ, կորեք վերջապես այդտեղից,— գոռաց մի նավաստի,— մենք չենք կարող ամեն մի կաթնակերի համար պատասխանատու լինել։
Արդեն բավական էր։ Հետաքրքրությունս չէր կշտացել, բայց ներվերս հոգնել էին։ Գլուխս պտտում էր, սիրտս խառնում։ Թվում էր ինձ, որ աղիքներս ձգտում են պոկվել արմատից։
Սահելով ու սայթաքելով, պատնեշների օգնությամբ անցա տախտակամածը, իջա վար։
Թրջված էի մինչև ոսկրներիս ծուծը, հագուստս կպել էր մարմնիս, բայց ցուրտ չէի զգում արյանս ջերմությունից։
Ուղեկիցներս ողորմելի վիճակումն էին, բացի վաճառականից։ Ծերունին, մեջքի վրա պառկած, հանգիստ ժպտում էր։ Փոթորիկը նրա կիսակմախք մարմնի վրա չէր ազդել, ինչպես հողմերը չեն ազդում տերևաթափ և չորացած կաղնու վրա։ Եղուշը, որ սկզբում ցինիկաբար ծաղրում էր բնության արհավիրքը, ընկած էր սեղանի տակ իր փսխոցի մեջ։ Մյուսները նույնպես պառկած էին զանազան դիրքերի մեջ։ Տիրում էր անտանելի գարշահոտություն։ Հատակը ծածկված էր փշրված բաժակների, շշերի, ափսեների կտորներով ու չմարսված կերակուրներով։ Ջուրը տախտակամածից սանդուղքով հոսում էր ներս, երբ ամեն անգամ բարձրանում էր շոգենավի կողերից։
— Ոսկան,— լսեցի Թաթոսի աղերսական ձայնը,— ես մեռնում եմ։
Նա պառկած էր երեսնիվար և տնքում էր ծանր հիվանդի պես։ Նրա հսկայական թիկունքը բարձրանում ու իջնում էր դարբինի փուքսի պես։
Մի փոքր հեռու նշմարեցի Ոսկանին։ Նա նստած էր հատակի վրա, մեջքը կռթնած նավի կողքին, ոտները