Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/60

Այս էջը հաստատված է

Չորս նավաստիներ, նավապետի հրամանով, ծով իջեցրին մի մակույկ, վերցրին երեք ահագին շիշեր օղիով և հեռացան։ Մի մղոն հեռու երևում էր ձկնորսային նավերի մի ամբողջ երամ։ Նավաստիները գնում էին ձկնորսներից իմանալու գետաբերանի ուղղությունը։

Մի ժամ անցած մեր շոգենավը մտավ Վոլգայի մեջ։ Ճամփորդներն սթափվեցին և դուրս եկան տախտակամած մաքուր օդ շնչելու։

Թաթոսի առաջին խոսքը եղավ.

— Ոսկան, ես քաղցած եմ։

— Ուտենք,— պատասխանեց թզուկը և կերավ հսկայի չափ։

Ամենքի ախորժակը բացվել էր։

Երբ Թաթոսը կշտացավ, նրա լուսանման երեսը նորեն սկսեց փայլել բարի և անիմաստ ժպիտով, նորեն Ոսկանը նրան վերցրեց իր խնամքի և հսկողության տակ։

V

ԱՌԱՋԻՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

ԴԵՄՔԵՐ

Կյանքի պարգևներին արժանանալու համար պետք է մարդկանց սիրտը շահելու շնորհքն ունենալ։ Վայ նրան, ով չգիտե, թե ինչ եղանակ է հաճելի դիմացինի լսելիքին։ Ավելի վայ նրան, ով գիտե և չի ուզում կամ չի կարող երգել։ Եթե շրթունքներդ մեղրածոր չեն մարդկային թուլությունների վերաբերմամբ, գոնե աշխատիր փականք դնել նրանց վրա, այլապես կտուժես։ Ի՞նչն է մարդկանց աչքում մեզ համակրելի և սիրելի դարձնում, եթե ոչ մեր խունկ ծխելը նրանց չունեցած առաքինություններին։ Շողոքորթիր և կհաղթես, վասնզի չկա ավելի զորավոր զենք, քան քծինքը։ Նույնիսկ հանճարները չեն կարողացել դիմադրել նրա զորությանը։ Ինքը Քրիստոսն անգամ ենթարկվեց նրան, թույլ տալով Մարիամ Մագթաղինացուն իր ոտները յուղով օծանելու...

Մանուկ հասակից եմ հասկացել այս գործնական ճշմարտությանը,