Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/62

Այս էջը հաստատված է

չէր, որքան լրբությունը, որովհետև նա ոչինչ չասաց։ Պարզ էր, որ նա իմ խորապես հուզված ձայնի մեջ և գունատված դեմքի վրա զգաց ինչ-որ սպառնալիք։ Արդարև, ես այնքան վիրավորված ու վշտացած էի, որ եթե նա շարունակեր իր լրբությունը, պետք է հարձակվեի նրա վրա, առանց հաշվի առնելու մեր ուժերի չափը։ Եվ այսպես, հենց առաջին օրից մենք ատեցինք իրարու։

Հետագայում իմացա նրա ստորադրյալից, թե ինչից է առաջացել նրա ատելությունը դեպի իմ ազգությունը. երկու տարի առաջ մի ինչ-որ վաճառական հայ խաբել է նրան հաշիվների մեջ։ Այսպես թե այնպես, մեծավորիս բարեկամը կատարեց նրա հանձնարարությունը, միշտ չթաքցնելով արհամարհանքը դեպի ինձ, գնեց ինչ որ հարկավոր է, և ես բոլորն ուղարկեցի Բաքու։ Այնուհետև մի քանի օր թափառեցի Հաշտարխանի փողոցներում ու վերադարձա Բաքու։ Այս անգամ ծովը խաղաղ էր, և շոգենավը ավելի լավը։

— Գի՞տեք ինչ,— ասաց իշխանավորս հենց առաջին օրը, երբ ներկայացա նրան,— դուք շատ ազնիվ երիտասարդ եք, բայց ծառայելու համար պիտանի չեք։

— Ինչու՞։

— Դուք չափազանց հպարտ եք և զգայուն։

— Մի՞թե հպարտությունն ու զգայնությունը դատապարտելի ախտեր են մարդու համար։

— Ոչ, իհարկե, բայց մի համեստ գործակատարի համար որոշ դեպքերում ավելորդ են։ Դուք չգիտեք մարդկանց հետ վարվել, ինչպես պահանջում է դիրքը։ Դա մի մեծ թերություն է գործնականի տեսակետից։

— Սովորեցրեք ինձ վարվելու ձևը, ես մի անփորձ աշակերտ եմ։

— Այդ գործը չէ, կյանքն ինքը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ առայժմ...

— Առայժմ ի՞նչ։

— Դուք ինձ հարկավոր չեք, դուք վիրավորել եք իմ բարեկամիս։

— Ինչո՞վ արդյոք։