միամիտ մորաքույրս, գրկելով իր քրոջը,— Ալեքսանը հիմա լավ գործի է, Հաշտարխան է գնացել։
Ես, իհարկե, դրությունս թաքցրի, ի՞նչպես ասեի, որ անգործ եմ։ Շրթունքներս կրծոտելով դուրս եկա փողոց։ Հարկավոր էր փող գտնել մալականին վճարելու համար։ Օրն արդեն մթնել էր։ Ո՞ւր գնայի, ո՞ւմ դիմեի — չգիտեի։ Ոչինչ չունեի գրավ դնելու, բացի իմ ինքնասիրությունից: Բայց քանի՞ գրոշ արժե մեկի ինքնասիրությունը մի ուրիշի աչքում, այդ «ապրանքը» կյանքի շուկայում արժեք չունի։
Երկար ժամանակ թափառում էի հարուստ քաղաքի փողոցներում։ Մալականը քայլ առ քայլ հետևում էր ինձ ստվերի պես, մերթ ետ մնալով, մերթ հավասարվելով ինձ։ Սկզբում նա լուռ էր, բայց շուտով սկսեց տրտնջալ։ Երբեմն գլխիցս վեր լսում էի նրա մտրակի շառաչյունը, դա նրա անհամբերության նշանն էր։ Մարդը երեք օրվա ճամփորդությունից հոգնել էր, պետք է հանգստանար, ձիերին կերակրեր, իսկ ես նրան ստիպում էի քայլել, շարունակ քայլել մի բարեկամի կամ ծանոթի հանդիպելու և նրանից փոխառություն վերցնելու կասկածելի հույսով։ Մի բան, որ ինձ տանջում էր ամենից ավելի, մորս ու քրոջս ուրախությունն էր։ Նրանք եկել էին «հանգիստ ապրելու» և շուտով պիտի հուսախաբ լինեի, իմանալով, որ անգործ ու անփող եմ։ Թվում էր ինձ, որ ես տմարդաբար խաբել եմ նրանց։
— Պարոն,— գոչեց վերջապես մալականը,— Բաքու՞ն ես ուզում ցույց տալ ինձ։ Շնորհակալ եմ, ես շատ անգամ եմ տեսել, վարձս տվեք։ Ձիերս սպասում են։
— Համբերիր, համբերիր, ահա այս փողոցն էլ անցնենք։
Ես չգիտեի՝ փողոցներից որի վրա է իմ բախտը, գնում, էի, գնում։
Մտրակը շարունակ շառաչում էր իմ գլխից վեր խավարի մեջ և ավելի ու ավելի ուժգին ու սպառնալի։ Րոպե առ րոպե սպասում էի նրա հարվածին։ Մի անգամ իմ մեջ ծագեց մի հանցավոր միտք՝ դիմել իմ ոտների զորությանը, փախչել ու ծլկվել նեղ ու մթին փողոցներից մեկում։ Հետո՞, իսկ մա՞յրս, քո՞ւյրս, նրանց ենթարկեմ պարտատիրոջս սպառնալիքի՞ն։