Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/66

Այս էջը հաստատված է

Ով չի կրել այդ վայրկյանները իմ հասակում, չի կարող երևակայել նրանց դառնությունը։ Սիրտս բաբախում էր արագ-արագ, կարծես մտել էի հիվանդանոց մի ծանր դգործողության ենթարկվելու համար։ Երբ բերանս բաց արի խնդիրս արտահայտելու համար, ձայնս հուզումից դողդոդաց, և նրա հնչյունն ինձ օտարոտի թվաց, իբր մի ուրիշ մարդ էը խոսողը։

Անցավ մի ամբողջ հավիտենականություն, մինչև որ երեք եղբայրներ, յուրաքանչյուրն առանձին-առանձին ստիպեցին ինձ կրկնել միևնույն խնդիրը, և իրենք էլ մոտեցան, նայեցին մալականին։ Վերջապես մեկը երեքից, ունքերը կիտելով, բաց արավ դրամարկղը և խորը նայելով երեսիս, դրեց իմ առջև խնդրածս գումարը։ Ես շտապեցի դուրս։ Այդ թղթադրամները կարծես այրում էին ձեռներս։ Տալով նրանց կառապանին, ես քաշվեցի նեղ փողոցներից մեկի անկյունը և ազատություն տվեցի երկար ժամանակ զսպված արցունքներիս։ Տանջվում էի ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես, կարծես իմ կենդանի մարմնից կտրվել էր մի մասը և գցվել խարույկի մեջ։ Ա՛հ, իհարկե, այժմ աղոտ լուսավորված այդ խանութի մեջ ինձ ծաղրում են ու հայհոյում, և վաղն իմ ստորանալը հայտնի է դառնալու բոլոր մեր ազգականներին, որքան պիտի դառնանա մայրս, լսելով իր որդու ապիկարությունը։

Երբ վերադարձա տուն, մայրս ու քույրս քնած էին։ Նայեցի նրանց ժպտուն դեմքերին և մի տեսակ թեթևություն զգացի։ Իմ ստորացումը նրանց համար էր...

Շուտով ես գտա պաշտոն և մտա մի նոր միջավայր։ Այս անգամ իմ տերը հայ էր, այն ժամանակվա խոշոր գործարանատերերից մեկը։

Հաշտարխան գնալուց առաջ «Մշակ» լրագրին ուղարկել էի մի փոքրիկ անստորագիր թղթակցություն։ Ուրախացա, երբ տպագրված տեսա իմ գրչի առաջին փորձը։ Գրեցի մի քանի թղթակցություններ Պետերբուրգի և Թիֆլիսի ռուս լրագրերին զանազան ստորագրություններով։ Բոլորը տպագրվեցին։ Ուղարկեցի իմ իսկական անունով երկու հոդված «Մեղու Հայաստանի» լրագրին — նույնպես տպվեցին։ Այս