բոլորն ինձ ոգևորեց։ Մի քսան տարեկան տղայի համար այսքանը քիչ էր կյանքի դառնությունների հետ հաշտվելու համար։ Բայց այն օրից, երբ իմ անունը տպագրված տեսա, այլևս ճակատագիրն ինձ համար խորթ մայր չէր, ինչպես կարծում էի առաջ։ Թվում էր ինձ, որ ես ոչինչ էի, այժմ մի բան դարձա։
Մեր գրասենյակը գտնվում էր քաղաքի կենտրոնական մի հրապարակի վրա։ Շատերն էին գալիս այնտեղ թե՛ գործով, թե՛ այնպես, զրույց անելու և ժամանակ անցկացնելու համար։
Հիշում եմ նախկին գավառապետ Սամսոն-բեգին — նրա ճակնդեղի պես կարմիր երեսը, մեծ ականջները, կապտագույն քիթը, որ պշկած բադմջանի էր նման։ Նախքան գրասենյակ մտնելը կանգ էր առնում դռների առջև, հազում էր և, կոկարդավոր ֆուրաժկան վերցնելով, թաշկինակով սրբում էր ճաղատ գլուխը։ Նա սպասում էր, որ իրեն ներս հրավիրեն և աթոռ առաջարկեն։ Երբ վերջապես բարեհաճում էր նստել, գորշագույն մունդիրի փեշերը ետ գցելով, սպասում էր, որ մեկն ու մեկը հետաքրքրվի իր փառավոր անցյալով։ Եվ զանազան փոփոխություններով ամեն օր գրեթե նույնն էր կրկնում՝ երեսուն ու հինգ տարի նա ծառայել է ռուսաց թագավորին խղճմտանքով և ազնվությամբ։ Այսօր ոչ մի «շուն-շան տղա» չի կարող ասել, թե Սամսոն-բեգը «հայ ազգի անունը չի պահել, պահպանել»։ Ժողովուրդը նրան սրբի պես է պաշտել։
— Ճշմարիտ է, շատերին եմ ռոզգու տակ ճղճղացրել, մի քանիսն էլ մեռել են։ Իհարկե, եթե դիմանային, չէին մեռնիլ. թակել եմ տվել, իհարկե, էշ, ավանակ գյուղացիներին. ինչ անենք, անօրենները հարկը ժամանակին չէին տալիս, ինձ էլ հրամայված էր խրատել։ Խոսքով կարելի՞ էր նրանց բան հասկացնել։ Բայց դուք իմ մասին հարցրեք օրինավոր մարդկանց, կալվածատերերին, վաճառականներին, բեգերին։ Նրանց խոսքն է խոսք, թե չէ բռի շինականն ինչ մարդ է։ Ինձ նախանձողներն էստեղ ու էնտեղ ասում են՝ «Սամսոն-բեգը կաշառք է կերել»։ Զրպարտություն, ուրիշ ոչինչ։ Բեգի ձին հավանել եմ ու գովել, առավոտը