զարթնել ու տեսել եմ իմ գոված ձին դռներիս առաջ կապված։ Ես մեղավո՞ր եմ, վաճառականին պատիվ եմ արել նրա տանը ճաշելու, խալի եմ տեսել, հավանել եմ ու գովել, եկել տեսել եմ հավանածս խալին տանս։ Ընտանիքի տեր մարդ եմ, ամսականով չէի կարող ապրել, փողի պակասություն ունենալիս քառասուն տոկոսով պարտք եմ վերցրել։ Ժամանակս չլրացած՝ պարտատերս վեքսիլս պատռել է ու ետ ուղարկել։ Դա կաշա՞ռք է, մարդ աստծու։ Դա փեշքեշ է, մեր հայրերից ու պապերից մնացած օրենք.․․ Դե ես էլ իմ պարտքս եմ կատարել, ինձ պաշտողներին ազատել եմ անպատվությունից, մեկին տուգանքից, մյուսին բանտից և այլն...
Մղդսի Խաչանը ներս էր մտնում թե չէ, յուրաքանչյուրին հերթով հարցնում էր նրա առողջության մասին և բոլորից գոհացուցիչ պատասխան ստանալով՝ քթախոտ էր առաջարկում։ Եվ քթախոտի զորությունը ցույց տալու համար մի անգամ փռշտալով զարմանալի վարպետությամբ խոսք էր բաց անում իր դեպի Երուսաղեմ ուխտագնացության մասին։
— Հենց որ նավը մոտեցավ Յաֆային, զալըմ ֆալյահները մորեխների պես թափվեցին մեզ վրա։ Կապչոննի շամմահիի նման լղար, ածուխ ծախողների պես մրոտ ու սև՝ նրանք դժոխքից փախած սատանաների էին նման, ձեր արևը։ Կապիտանը հրաման տվեց ոչ մեկին չթողնել նավի վրա բարձրանալու, բայց ո՞վ հնար ուներ նրանց առաջը կապելու։ Մեկը խուրջինս խլեց, մյուսը մաֆռաշս, քիչ էր մնում փափախս էլ վերցնեն։ Երուսաղեմ գնացողը հազար ու մի միլլաթի երես է տեսնում օսմանլվից ու ռումիից սկսած մինչև ղարաչինն ու հաբաշը։ Արաբստանն աշխարհի պորտն է, Բաղդադն էլ գլուխը, ով չի տեսել, համարյա թե աշխարհ չի տեսել։ Օրհնվի Երուսաղեմի զորությունը։ Նա ինձ քաշեց տարավ, հիմի կարող եմ ասել, որ ապրել եմ, կյանք եմ տեսել։ Ի՞նչ կասես, Սահակ դայի։
Սահակ դային մղդսի Խաչանին չէր սիրում և օրոշտում էր, երբ նա խոսում էր։ Բարձրահասակ, առույգ էր կենսախինդ ծերունին կարճլիկ ճերմակ մորուքով։ Փիլիսոփա