Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/69

Այս էջը հաստատված է

էր իր տեսակի և ուներ կյանքի մասին իր սեփական սկզբունքները։ Տաղտկանում էր, երբ լսում էր կրոնի ու բարոյականության մասին դատողություններ, ոգևորվում էր, երբ խոսք էր լինում կանանց և սեռական կրքերի մասին։ Վավաշոտ իգամոլ էր, ինչպես կապիկ, չնայելով իր վաթսունամյա հասակին։ Շամախիում նա մեր հարևանն էր, պարապում էր չիթ ու կտորի առևտրով։ Հիշում եմ, երբ առաջին կինը թոքախտից մեռավ, անմիջապես սափրեց կիսով չափ ճերմակ մորուքը, բեղերը ներկեց թանձր հինայով, ձի նստեց, գնաց մի գյուղ և երկու-երեք օր անցած վերադարձավ, բերելով իր հետ ձիու քամակին դրած մի երիտասարդ կին Դուրսուն անունով։ Այս առթիվ չափահաս որդիները կռիվ հայտարարեցին իրենց հորը, բայց շուտով այդ երկրորդ կինն էլ չդիմացավ Սահակի բուռն կրքերին և մեռավ։ Այն ժամանակ կրկնակի այրին խանութը հանձնեց որդկերանց, նորեն մորուք թողեց և տեղափոխվեց Բաքու։ Հենց առաջին օրը, երբ Սահակ դային Բաքվում հանդիպեց ինձ, ասաց.

— Լսեցի, որ էստեղ սիրուն խանումներ կան, եկել եմ տեսնելու։ Էլ չեմ պսակվելու, տերտերների օրհնությունից խեր չտեսա։ Հիմի ուզում եմ տեսակ-տեսակ կնիկների հետ քեֆ քաշել։

Նա ամեն օր գալիս էր գրասենյակ, նստում էր դրսում և կրքոտ աչքերով նայում էր անցնող կանանց։ Երբեմն աչքով էր անում նրանց։ Նրա խոսակցության գլխավոր նյութը կանայքն էին և սեռական հարաբերությունները։ Նա ասում էր, թե կինն է կյանքի միակ երջանկությունը։ Ոգելից ըմպելիքներ չէր գործածում, շարբաթ էր խմում։ Նա ասում էր․

— Գինին ինձ թուլացնում է, իսկ շարբաթը Մեջնունի նման մեջքս պնդացնում է։

Մեր գրասենյակի քով շաքար ու թեյի մի խանութ կար։ Նրա տերերը երկու ռուս ներքինիներ էին, մեկը՝ շատ գեր, մյուսը՝ շատ նիհար, երկուսն էլ վաղաժամ թառամած դեմքերով։ Նրանց մազազուրկ երեսները սերկևիլի գույն ունեին, իսկ կաշին նմանվում էր խորոված խնձորի կճեպին։

Սահակ դային ասում էր.