լավ լվացի ու գրպանս դրեցի։ Տես, Մինասի տղա, դու էլ դրա նման ես լինելու հա, լավ իմացիր։ Մազերդ ու ունքերդ թափվելու են, միսդ փտելու է ու թափվելու, քիթդ ընկնելու է ու տեղը դրա նման մի այլանդակ ծակ է երևալու, ատամներդ բացվելու են։ Մտիկ արա դրան, կասես հարամզադան ծիծաղում է մեզ վրա։
Եվ, գանգը ձեռքերի մեջ պտտցնելով, շարունակեց.
— Հը, ասա մարդ, դու ո՞վ ես եղել, ի՞նչ, բե՞գ, թաջի՞ր, նազի՞ր, վեզի՞ր, ով է իմանում, կարելի է շահզադա։ Ասա, քանի սիրուն-սիրուն կնիկներ ունեիր, քանիսին էիր... Հը՛հ, պաչ արա խաթուններիդ, էլի։ Չես կարող, հա՞։ Դե, իհարկե, պռոշներ չունես, փտել են ու թափվել։ Կեր, էլի, կեր, տոլմա, փլավ, յախնի, խմիր շարբաթ, մեջնուն կեր, որ կնիկներդ չծիծաղեն քեզ վրա։ Դեհ, գնանք, քեզ պիտի տանեմ, ցույց տամ մեր հարուստներին, թող տեսնեն նրանք, թե իրենք ինչ են լինելու ու խելքի գան, իրարու միս չուտեն։
Եվ, գանգը թաշկինակի մեջ փաթաթելով ու գրպանը դնելով, Սահակ դային հեռացավ։
Տարիներ անցած ինձ ասացին, որ այդ տարօրինակ մարդը մեռնելիս պատվիրել է, որ իր դագաղի վրա ոչ ոք չարտասվի, բացի գեղեցիկ կանանցից։
Մեր գրասենյակի անգործ հաճախորդների մեջ ամենանշանավորը միրզա Սերոբն էր, և ես ամենից ավելի նրա հետ էի բարեկամ։ Նիհար, բարձրահասակ, տակավին երիտասարդ, բայց արդեն թառամած և մազերը քունքերի մոտ ճերմակած մի մարդ էր երկայնաձև երեսով։ Մերթ մասնավոր դասատու, մերթ հաշվապահ, նոտարի մոտ կամ դատարաններում գրագիր, նա ոչ մի տեղ երկար ծառայել չէր կարողանում իր անհանգիստ բնավորության շնորհիվ։ Խռովարար չէր, միայն սիրում էր վիճաբանել ամենքի հետ և այնքան ջերմ ու գրգռված, որ տեսնողը կարծում էր, թե նա ահա պիտի հարձակվի դիմացինի վրա ու իր երկայն ոսկրոտ ձեռներով խեղդի նրան։
Միրզա Սերոբի վիճաբանության նյութը միշտ համամարդկային էր։ Քաղաքագետ, իմաստասեր, պատմագետ,