Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/73

Այս էջը հաստատված է

Եվ միրզա Սերոբը սիրում էր մարդուն, միևնույնն է՝ ինչ դիրքի էլ նա Լիներ։ Բողոքում էր նրա կյանքի կարճատևության դեմ։ Չհավատալով անդրգերեզմանյան կյանքի գոյությանը՝ ներկայի համար պահանջում էր ավելի, քան սահմանել էր բնությունը։ Նա ասում էր.

— Ընդունում եմ, մահն անխուսափելի է, և ոչ մի գիտություն չի կարող երբևէ մարդու կյանքին հավիտենականություն պարգևել։ Բայց ինչո՞ւ բնությունն իր գլուխ-գործոցի համար բացառություն չի արել։ Մեռնում ենք— լավ, բայց ինչո՞ւ միայն մի անգամ ենք ծնվում։ Ես կկամենայի այսօր մեռնել, մի երկու դար հետո նորեն աշխարհ գալու պայմանով, որպեսզի արժանանամ տեսնելու ինչ նորանոր հաղթություններ են տարել գիտությունները։

Ինձ վրա միրզա Սերոբն ունեցել է որոշ ազդեցություն։ Նրա ցուցմունքով ես կարդացել եմ մի շարք գրքեր, որ հետագայում ինձ համար եղել են օգտակար։ Ահա ինչու այսօր սիրով և երախտագիտությամբ եմ հիշում նրա անունը։

VI

ԳՐՔԵՐ, ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Ես ունեի մի խումբ ընկերներ, բոլորն էլ ընթերցասեր։ Հիշում եմ նրանցից ոմանց անունը — Ալեքսանդր Նաջարյան, Ալեքսանդր Աբելյան, Աբել Ապրեսյան, Արշակ Քալանթար։ Մի օր որոշեցինք դիմել Մարդասիրական ընկերության և խնդրել, որ նա իր շինության մեջ հատկացնի մի սենյակ։ Մտադիր էինք այնտեղ հավաքել մեր ունեցած գրքերը և, միջոցներ ձեռք բերելով, հետզհետե կազմել գրադարան-ընթերցարան։

Բարեբախտաբար, վարչության նախագահն իմ պատրոնն էր, Սամվել Բաղիրյան, թեև ոչ այնքան գրասեր, բայց շատ պայծառամիտ մարդ. մեր խնդիրը հարգվեց ավելի, քան կարող էի սպասել։

Մարդասիրական ընկերությունը ոչ միայն սենյակը