Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/75

Այս էջը հաստատված է

Ես ձերբակալությունից ազատվեցի, բայց Մարդասիրական ընկերության վարչությունը շատ քաղաքավարի ձևով ինձ հասկացրեց, որ գրադարանում[1] մնալս կարող է կասկածի ստվեր գցել ընկերության «բարեհուսության» վրա։

Ես վերադարձա իմ նախընթաց ծառայության։ Այդտեղ ևս երկար չմնացի, տեղափոխվեցի մի ուրիշ գրասենյակ, նորեն վերադարձա, որպեսզի դարձյալ հեռանամ։ Եվ այսպես, տեղից-տեղ փոխվելով, հանգիստ չէի գտնում։ Պատճառն ամենուրեք նույնն էր — միջավայրը։ Այլևս ես պիտանի չէի նրա համար և զգում էի, որ Բաքվում բարոյապես խեղդվում եմ։

Գրականությունն արդեն ամբողջովին կլանել էր իմ միտքն ու հոգին։ Ոչ մի ուրիշ զբաղմունք այլևս չէր հետաքրքրում ինձ։ Գրում էի առայժմ հոդվածներ թե հայ և թե ռուս լրագրերում։ Նյութի պակասություն չկար — նավթային արդյունաբերությունը, հանքերը, բանվորները, գործարանները, նավագնացությունը — այդ բոլորը մի ամբողջ աշխարհ էր դիտողի համար, թեև Բաքուն ինքնըստինքյան հրապույր չուներ այլևս։ Մի քանի գրքերի ազդեցությամբ առանձնապես հետաքրքրվում էի բանվորների կյանքով։ Որքան մոտիկ էի ծանոթանում այդ կյանքին, այնքան ավելի ու ավելի նողկանք էի զգում դեպի հանքատերերն ու գործարանատերերը։ Այդ մասին այն ժամանակվա «Մշակ»-ում ունեմ մի շարք հոդվածներ։ Այժմյան ընթերցողները գաղափար անգամ չեն կարող ունենալ այն ժամանակվա բանվորության վիճակի մասին։ Այդ այն խավար ժամանակաշրջանն էր, երբ ամբողջ Անդրկովկասում չկար ոչ բանվորական որևէ կազմակերպություն, ոչ գործադուլ և մի ուրիշ միջոց աշխատավոր դասակարգի պաշտպանության համար։ Բանվորը հարստահարվում էր նույնիսկ երեկվա բանվորից, որ այսօր գործատեր է դարձել, և հարստահարվում էր ոչ միայն նյութապես, այլև բարոյապես ու ֆիզիկապես։ Այստեղ ես ավելորդ չեմ համարում առաջ բերել մի քանի

  1. Այդ գրադարանը ապագայում դարձավ ամենահարուստն ամբողջ Կովկասում։