վերստաչափ տարածության վրա, հեռվից մարդու աչքին ներկայացնում է մառախուղով պատած մի փոքրիկ քաղաք, որը սև մականունը կրում է այն պատճառով, որ այստեղ ամենայն բան սև է՝ սկսած անշունչ առարկաներից մինչև տնային կենդանիներն ու մարդը։ Բավական է այստեղ, այդ բազմաթիվ գործարաններից դուրս եկող նավթային մնացորդի թանձր ծխով վարակված օդի մեջ մի երկու ժամ մնալ, և մարդ միանգամայն կերպարանափոխվում է՝ ոտքից մինչև գլուխ ծածկվելով սև մուրով։ Անսովոր մարդը չի կարողանում այս մառախուղում երկար մնալ, ուր իստակ օդի բացակայությունից խանգարվում է նրա շնչառությունը։ Չնայելով որ գործարանները միմյանցից բավականին տարածութենով հեռու են, ծխերը իրարու խառնվելով, կազմում են մի այնպիսի թանձրություն, որի մեջ հազիվհազ թափանցում են արեգակի ճառագայթները։
Ահա այդ մառախլապատ երկնքի տակ է անցկացնում իր տարիները Բաքու գաղթող բանվորների մեծամասնությունը, խմբերով տեղավորված այս ու այն գործարանում և հենց այստեղ պիտի ծանոթանաս, որքան անտանելի է այդ վիճակը։ Հեռու չգնանք, մտնենք հենց առաջին պատահած գործարանը և տեսնենք՝ ինչ է կատարվում այնտեղ։ Նախ և առաջ քիչ թե շատ ծանոթանանք բանվորների կացարանի հետ։ Երևակայեցեք, ընթերցող, երկու սաժեն լայնութենով, չորս սաժեն երկայնութենով և 5-6 ֆուտ բարձրութենով մի խրճիթ, կամ ճիշտն ասած՝ մի կեղտոտ, մութ ու խոնավ նկուղ, ուր կարող են կենալ միայն անասունները։ Այստեղ, ուր ապրում են 10-15 մշակներ, օդը տարիներով չի փոխվում, այստեղ հատակը հողային է, պատերը խոնավությունից բորբոսնած, առաստաղը սարդի թանձր ոստայնով սքողված, այստեղ անկարելի է երևակայել անգամ առողջապահական որևէ կանոնի հնարավորությունը։ Այն միակ լուսամուտը, որ կարծես շինված է նկուղին ավելի մռայլ տեսք տալու համար, այնքան փոքր է և այնքան մուրոտված, որ ոչ լույս է տալիս և ոչ օդ։ Տիրում է մարդու շնչառությունը խափանելու չափ գարշահոտություն, որ առաջանում է օրերով չմաքրվող հատակից և թափված կերակուրներից։ Ավելացրեք