դրան և մշակների անհոգությունը մաքրության վերաբերմամբ։ Այո, շատ անգամ նրանք չեն օգտվում այն քչով, որ ունեն, շաբաթներով չեն մաքրում ոչ կացարանը և ոչ իրանց, անկողին համարված, ապականված ցնցոտիները։ Հաճախ նրանք ծուլանում են ողորմելի կացարանի լուսամուտը բանալու, և դրսի օդը ներս է թափանցում միակ դռնակով։ Այդ ծայրահեղ անփութությունն առաջանում է նախ, իհարկե, տգիտությունից, ապա սովորությունից։ Հիրավի, գյուղի առողջարար կլիմայից եկած մշակը այստեղ առաջին օրերը զգում է օդի գարշահոտությունը, բայց շուտով աստիճանաբար ընտելանում է մթնոլորտին և դառնում է անտարբեր դեպի մաքրությունը։ Կարիք չկա բժիշկ լինելու, որպեսզի գիտենալ, թե մշակն իր կյանքի որպիսի գնով է ձեռք բերում այդ սովորությունը և այդ անտարբերությունը։ Ահա ինչ է ասում այդ մասին նշանավոր Լուիսը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես անմաքուր բնակարանների ապականված օդում սովոր են հեշտութենով և իբր թե անվնաս ապրել զանազան խեղճեր առանց զգալու այդ ապականությունը, մինչդեռ մեզանից ամեն մեկը երբ ոտ է դնում այդտեղ, իսկույն զգում է, թե օդը փչացած է, բայց որովհետև մենք ևս հետո փոքր առ փոքր սովորում ենք նրան, այնուհետև մեզ ևս թվում է, թե դրանից վնասակար հետևանքներ չեն առաջանում։ Ահա ինչումն է կայանում մեր մոլորությունը։ Մենք բավականանում ենք ապականված օդով, որովհետև սովորում ենք նրա պայմաններին, բայց գիտե՞ք ինչ գնով, ինչ միջոցներով ենք ձեռք բերում այդ պայմաններին ընտելանալու հնարավորությունը։ Մեր օրգանիզմի բոլոր սննդական մասերի և զգայարանքների թուլանալով, որը մեզ համար առաջացնում է թթվածնի համեմատաբար պակաս քանակության ներշնչելը։ Ապականված օդը բավարար է միայն հիվանդ օրգանիզմ ունեցող մարդուն, ինչպես և նրանով բավականանում են պաղարյուն կենդանիները։ Երբ մենք մտնում ենք ապականված մթնոլորտ, մեր շնչառությունը դժվարանում է, և այդ պատճառով թուլանում են և՛ մեր զգայարանները, որից հետո կրկին մեր շնչառությունը թեթևանալով, թթվածինի ավելի մեծ քանակի կարիք չենք զգում և
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/79
Այս էջը հաստատված է