Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/8

Այս էջը հաստատված է

շարունակել ուսումս — արդեն մեռել էր այն օրը, երբ հայրս ասաց. «Որդի, ուսումը հարուստների որդկերանց համար է, քո հայրն այժմ ոչինչ չունի»։

Ազատվելով մորս խանդավառ գրկից, ես սրբեցի երեսս նրա ջերմ արցունքներից և նստեցի կառք։

Կա՜ռք։ Դա մալականի մի մեծ ֆուրգոն էր՝ մինչև կամարաձև ծածկոցը լի զանազան ապրանքներով։ Ես բարձրացա ահագին հակերի վրա և ինձ համար ընտրեցի մի հարմար անկյուն։ Բացի ինձանից, այնտեղ կային երեք ճամփորդներ՝ մի գինեվաճառ, որ գնում էր Բաքու գինետուն բանալու, մի շատ գեր և շատ գեղեցիկ կին տեղական զգեստով և սրա պատանի որդին իր նման գեղեցիկ։

Կառավար մալականը, իր տեղը հարմարեցնելով, բարձրացրեց երկայն մտրակը և սուլեց։ Նախ շարժվեց մեջտեղի ձին, պարանոցը երկարացնելով, ապա մյուս երկուսը։ Կառքը ճռճռաց և հետո արձակեց մի այնպիսի դղրդյուն, որ,կարծես, մի մեծ տուն էր խորտակվում։

Մենք հեռացել էինք բավական, բայց ծնողներս դեռ կանգնած էին միևնույն տեղում։ Մայրս շարունակ հեկեկում էր։ Այդ երևում էր նրա ուսերի վար ու վեր շարժումից։ Հայրս չուխայի երկայն թևերի տակից բարձրացրեց իր ձեռները դեպի երկինք և իսկույն գցեց վայր։ Արդյոք նա իմ ճանապա՞րհն է օրհնում, թե՞ իր բախտն անիծում։ Բայց զգում էի, որ իմ ներկայությամբ զսպված արցունքը այժմ հեղեղում է առատորեն նրա հուժկու դեմքը։

Ես շարունակ նայում էի դեպի ետ, ինչպես մերձավորներից բաժանվող աքսորական, որ հույս չունի երբևէ նրանց նորեն տեսնելու։ Կառքն իր ետևից բարձրացնում էր նոսր փոշի, որ օծանվում էր մայր մտնող արեգակի նարնջագույն շողերով։ Երբ բարձրահասակ հորս երկայն փափախի սուր ծայրը չքացավ այդ ոսկեզօծ փոշու մեջ, ինձ պաշարեց արտասովոր տրտմություն։ Ես գցեցի հրաժեշտի մի թախծալի հայացք իմ ծննդավայրի վրա։ Այնտեղ էի անցկացրել իմ մռայլ մանկությունը և վաղաժամ տվայտանքներով լեցուն պատանեկությունը։

Թշվառ և այնուամենայնիվ զմայլելի՜ քաղաք։ Վերջին