կեղտոտ ու պատառոտված փսիաթներով ծածկված, որոնք միևնույն ժամանակ բանվորներին ծառայում են անկողնի փոխարեն, իսկ գիշերները վերմակի փոխարեն նրանց ծառայում են այն ցնցոտիները, որ կրում են ցերեկներն իրանց վրա որպես հագուստ։ Այն գործարաններում, ուր այդ նավթոտ տախտակներն էլ չկան, բանվորները գիշերները քնում են հողի հատակի վրա, որ միշտ խոնավ է գործարանների ծովի ափին մոտ լինելու պատճառով, այնպես որ շատ տեղերում երկու-երեք արշին խորութենում գետնից ծովի ջուր է դուրս գալիս։ Թե որքան վնասակար է մարդու առողջության համար մի այդպիսի խոնավություն, այդ կարող է իմանալ ամենատգետը մեզնից։ Հոդացավ, ոսկրացավ, դեղնացավ (желтуха), ստամոքսի կատար, որը շատ դեպքերում թոքախտի է վերափոխվում —ահա խոնավության հետևանքները։ Նամանավանդ բանվորները տառապում են զանազան ցավերով ձմեռը ցրտերից։ Վառարաններ շատ բնակարաններում չկան. կան մանղալներ։ Բայց առավել լավ կլինի, եթե բանվորները բնավին կրակ չվառեն իրանց բնակարաններում, որովհետև կրակի զորությունից խոնավ պատերի միջից տամկությունը դուրս գալով օդը լցնում է նեխյալ գոլորշիներով և գարշահոտությունը սաստկացնում։
Անուշադիր թողնվելու չէ և այն հանգամանքը, որ Պարսկաստանից եկող բանվորներն իրանց հետ բերում են զանազան հիվանդություններ։ Շատ հասկանալի է, որ այդ ախտավորները ապրելով միևնույն բնակարաններում ամբողջ բանվորների հետ, հեշտությամբ վարակում են նրանց։
Պակաս չեն և բարոյական ախտերը։ Շամախոլ կամ Ղարաբաղի գյուղերից եկած մի բանվոր մի քանի ամսվա ընթացքում այնպես է անբարոյականանում, որ շատ անգամ սոդոմական ախտը սովորական բան է դառնում նրա համար։ Բայց պետք է նկատել, որ այդչափ անբարոյականանում են միայն անչափահասները, այսինքն նրանք, որոնք դեռ պատանեկան հասակի մեջ են։ Ինչ վերաբերում է չափահասներին, սրանք անխախտ պահում գյուղացու առաքինի կենցաղավարությունը։ Երիտասարդ մշակները հեռու չեն հարբեցողությունից, գողությունից, միմյանց դեմ թշնամական