Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/82

Այս էջը հաստատված է

դավեր լարելուց, շռայլ և աննպատակ ծախքերից... Պատահում է, որ ամիսը 10—12 ռուբլի ռոճիկ ստացող բանվորը, ամսականը մի օրում վատնելով, մնում է քաղցած։ Սակայն այդ անում են ամուրի բանվորները, իսկ ընտանետեր բանվորներն իրենց կոպեկները խնայում են, որպեսզի տուն վերադառնալիս մի բան տանեն իրանց զավակների համար։ Բայց երբեմն այն սև կոպեկներն էլ, որ բանվորի մի քանի տարվա դառն աշխատանքի գինն է, իր ընկերների գողության զոհն են դառնում, և բանվորն ստիպված է լինում այնուհետև մի քանի տարիներ էլ ավելի մնալ պանդխտության մեջ կորցրածը ձեռք բերելու համար։ Անցյալ տարի ես տեսա մի բանվոր, որի երեք տարվա աշխատանքի պտուղ 75 ռուբլին գողացել էր նրա ընկերն այն օրը, երբ նա պատրաստվում էր հայրենիք վերադառնալ։ Մարդը հուսահատությունից ծեծում էր իր գլուխը, լիզում էր գողացողի ոտները, աղաչելով նրան, որ գողացածի մի մասը գոնե վերադարձնի, բայց գողը հանձն չէր առնում իր գողությունը։

Ես վերն ասացի, թե բանվորների բնական մարդկային իրավունքները ոտնակոխ են լինում։ Առաջ եմ բերում մի քանի փաստեր, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը։ Առաջին աչքի ընկնող փաստը այն է, որ գործարանատերերն ու հանքատերերը չեն որոշում բանվորների աշխատանքի ժամերը։ Շատ քչերն են բանվորներին բանեցնում օրական 12-13 ժամ։ Մանր գործարաններում, որոնց տերերն իրանց շահի համար օրական փոխանակ մի անգամի, երկու-երեք անգամ են ֆոտոգեն քաշում, բանվորներն աշխատում են առավոտյան 3 ժամից սկսած մինչև գիշերվա 10-11-12 ժամը, այն էլ առանց հանգստի, անընդհատ։ Շատ անգամ բանվորն իր ցամաք հացն ուտում է աշխատանքի ժամանակ։ Օրական 19 ժամվա անընդհատ աշխատանքը շատ արագ քայքայում է բանվորի առողջությունը։ Եթե մենք ունենայինք ստատիստիկական տեղեկություններ, կարող էինք իմանալ, թե Հարվում տարեկան ինչ ահագին տոկոս է կազմում հիվանդների և մեռնողների թիվը։ Դուք, ընթերցող, հազիվ թե կարողանաք ցույց տալ մի բանվոր, որն այստեղից հայրենիք վերադառնար այն առողջությամբ, որով եկել էր