ճանապարհի լպրծուն լինելու պատճառով սայթաքում է ու, վայր ընկնելով, թե իրան վնասում և թե անոթն է կոտրում, որ նրա համար ավելի մեծ դժբախտություն է, քան մարմնապես վնասվելը։
Բանվորի չորրորդ դործն է եփված նավթը, որ այժմ չզտված (не очищенный) ֆոտոգեն է, չաներից դարձյալ մի ուրիշ տեղ տեղափոխելը։ Այդտեղ նա պիտի զտվի, կալաքարի (поташ) և արջասպի (купарос) հետ ձուլվելով։ Վերջին հյութի վտանգավոր բնույթը հայտնի է, և բանվորը պետք է նրա հետ մեծ զգուշություններով վարվի, ըստ որում բավական է, որ կուպարոսի մի կաթիլն ընկնի նրա մարմնի վրա, և նա կայրվի։ Բայց որքան էլ բանվորն զգույշ լինի, այնուամենայնիվ շատերն են վնասվում։ Մի օր ես դժբախտություն ունեցա տեսնելու մի մշակ, որ իր մեջքի վրա մի պուղանոց մեծ շիշ կուպարոս տանելու ժամանակ շիշը տրաքվեց և մշակին հեղեղեց։ Ողբալի էր մշակին տեսնել։ Նա այրվում էր խելագարի նման վազելով այս ու այն կողմ ու գոռալով, մինչև օր ներկա եղողներն օգնության հասան և ջուր թափեցին նրա վրա։ Բայց զարմանալին այն է, որ կուպարոսի տերն այդ ժամանակ զբաղված էր իր կոշիկով, որի վրա ընկել էր այրող հյութից մի կաթիլ։
Ահա այս տեսակ և նման ծանր ու վտանգավոր գործ է կատարում գործարանի բանվորը օրվա մեջ 18-19 ժամ։ Տեսնենք այժմ, թե ինչպես է վարվում նրա հետ գործարանատերը և թե որքան է վարձատրում նրան։ Առաջինը բոլոր գործարաններում բանվորները միաչափ չեն վարձատրվում։ Մեծ գործարաններում նրանց վարձը համեմատաբար բարձր է, 12, 16-18 ռուբլի ամսական, մինչդեռ փոքր գործարաններում վարձն է 10-14-16 ռուբլի։ Շատ անգամ այդ չնչին վարձն էլ բանվորը լիովին չի ստանում։ Այս դեպքում մի առանձին գարշելի դեր են կատարում գործակատարները։ Նրանք հազար ու մի տեսակ պատրվակներով ու խարդախություններով պահում են բանվորի ամսականի մի մասը և յուրացնում։ Ահա ինչու ամսական հազիվ 25-30 ռուբլի աշխատավարձ ստացող գործակատարը մի քանի տարվա մեջ որոշ կապիտալ է ձեռք բերում և սկսում է պարապել