Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/92

Այս էջը հաստատված է

տուփեր, մի քանի սանր, բոլորն էլ փշրված ատամներով և մեծ ու փոքր խոզանակներ։ Մի անկյունում պատին կախված էր մի երկաթե լվացարան, առջևը մի կոնք սապոնաջրով լեցուն: Մյուս անկյունում մրոտ պատին կռթնել էր Մարիամ աստվածածնի պատկերը դեղնագույն պղնձե շրջանակի մեջ։ Նրա առջև վառվում էր ձիթայուղի ապակյա կարմիր կանթեղը։ Օտարոտի և անախորժ մի հոտ էր փչում ամբողջ սենյակից։ Ինքը՝ աղջիկը, որ սկզբում թվաց գեղեցիկ, մոտիկից այլ տպավորություն գործեց ինձ վրա։ Նա շատ երիտասարդ էր, հազիվ 17-18 տարեկան, բայց երեսի չափից դուրս թանձր շպարը, հոնքերի արհեստական սևությունը, մանավանդ աչքերի տակի կապուտակները նրան տալիս էին մի տեսակ մաշված ու քրքրված պաճույճի տեսք։ Առանձնապես անդուրեկան էին իր տարիքին ոչ-համապատասխան ձևերը պոռնիկի։ Ես մտքումս հայհոյեցի Ս. Բ.-ին. ինչու՞ նա ինձ թողեց այստեղ ու գնաց։ Հարկավ, զգում էի բարեկամիս անկեղծ հոգացողությունն իմ զվարճության մասին, բայց հենց այդ էր, որ ինձ ստորացնում էր իմ աչքում։ Ես նոր էի կարդացել Տուրգենևի վեպերը և ռուս կնոջ պատկերը նրա հերոսուհիներով էի երևակայում։ Հարկավ, այնքան էլ միամիտ չէի, որ չգիտենայի, թե այլ է վեպերի մեջ նկարագրածը և այլ է այն, ինչ որ տեսնում եմ իմ առջև։ Բայց և այնպես, կինն իմ աչքում կին էր, անկախ իր դիրքից ու հանգամանքներից։

— Ինչու՞ չես մոտենում ինձ,— ասաց էմիլիան մի տեսակ ծամածռությամբ, որի նմանը մինչև այդ օրը չէի տեսել ոչ մի կնոջ դեմքի վրա։

Ապա, մի ծխախոտ վառելով, նստեց անկողնակալի վրա, ոտները կցեց իրարու և հարցրեց.

— Գարեջու՞ր խմենք, թե՞ գինի։

— Ոչ մեկը,— ասացի ես։

— Ես ծարավ եմ, շոգ է, պետք է զովանալ։ Գարեջուրն ավելի լավ է ասաց էմիլիան և մատը սեղմեց զանգակի կոճակին։ Անմիջապես ներս մտավ կեղտոտ գոգնոցով մի սպասավոր կապույտ-կարմրագույն ուռած երեսով։ Նրա նայվածքն ու ձևերը միանգամից ինձ զզվանք պատճառեցին։