— Իվան, պիլզենսկի և պաքսիմատ,— պատվիրեց էմիլիան։
— Այդքա՞նը միայն,— արտասանեց ծառան լկտի արհամարհանքով․— երևի պարոնն ախորժակ չունի։
— Դեռ գարեջուրը բեր, հետո կտեսնենք։
Մինչ էմիլիան ծառային պատվեր էր տալիս, անկողնակալի վրա տեսա մի գրքույկ, վերցրի, կարդացի վերնագիրը. «Աբեղայի սիրային արկածները»։
— Դուք կարդալ սիրու՞մ եք,— հարցրի ես։
— Օ՜, շատ եմ սիրում։
— Տուրգենև կարդացե՞լ եք։
— Տուրգե՞նև, չեմ լսել։
Ես հանդիմանեցի էմիլիային, ասելով, որ ռուս աղջկա համար ամոթ է Տուրդենևին չճանաչել։
— Սո՞ւրբ է նա,— հարցրեց էմիլիան։
Ես ոգևորված բացատրեցի, թե ով է Տուրգենևը, և խորհուրդ տվեցի անպատճառ կարդալ։ Այդ պահին, իբրև նախկին գրապահ, ես կատարելապես իմ դերումն էի։
— Շատ լավ, դու բեր նրա գրքերից, ես կկարդամ,— ասաց էմիլիան,— եթե դու էլ ինձ սիրես Ս. Ֆադդեևիչի նման։ Նա ինձ համար ամեն անգամ շոկոլադ էր բերում, չգիտեմ ինչու այսօր մոռացել է։ Դու շոկոլադ չե՞ս սիրում, ես պաշտում եմ։
Երեխայական եղանակով արտասանված այս խոսքերը վայրկենական մի լույս սփռեցին էմիլիայի վրա։ Կարծես մի աներևույթ ձեռք նրա ապականած մարմինն սքողեց ոսկե շղարշով։ Նույն վայրկյանին իմ մեջ ծագեց մի բուռն կարեկցություն։ Ես հիշեցի Դոստոևսկու Մարմելադովի պատմվածքն իր աղջկա մասին։ Գուցե էմիլիան էլ ունի մի արբշիռ հայր և կարիքից հարկադրված իր անմեղությունը վաճառել է մի սինլքորի ու, շարունակելով, վերջը ընկել է պոռնկատուն։ «Խեղճ աղջիկ, մտածեցի ես, պետք է քեզ օգնել, որ թողնես խայտառակ կյանքը, դա ամեն մի ազնիվ մարդու պարտականությունն է»։ Եվ, այս հերոսական վճիռը կայացնելով, անմիջապես դիմեցի գործի։ Ես սկսեցի Մարիամ Մագթաղինեից և իսկույն անցա ժամանակակից նման տիպերին,