որոնց մասին կարդացել էի վեպերի մեջ։ Այսօր դժբախտաբար միտս չեն իմ ատենաբանության մանրամասները, բայց լավ հիշում եմ, որ պերճախոս էի այդ օրը։ Ինչ որ ասում էի, գոհար էր, մանավանդ որ ասածներս զարդարում էի ընտիր գրքերից քաղած ցիտատներով։
Էմիլիան, անկողնակալի վրա նստած, ձեռներն իր ուռուցիկ ազդրերի վրա դրած, բերանը լայն բաց արած, նայում էր երեսիս ապշած։ Ես համոզված էի, որ իմ խոսքերը խորապես ազդում են նրա վրա. մինչև անգամ երևակայեցի, որ նա պետք է չոքի իմ առջև, ինչպես Մարիամը Հիսուսի առջև, և պիտի զղջա իր մեղքերի համար։ Երբ ես վերջացրի ասելիքս, էմիլիան ամենայն սառնասրտությամբ հարցրեց․
— Ասա խնդրեմ, դու դիակո՞ն ես։
Տեսե՞լ եք տաք սենյակից հանկարծակի ձյունի մեջ շպրտված մի կատու։ Նույնն էի ես։ Ի՜նչ, դիակո՞ն, տիրացու՞, ե՞ս։ Դա ինձ համար մի մեծ անարգանք էր սքանչելի ճառաբանությունիցս հետո։
Անշուշտ, ես էմիլիայի վիրավորանքին կպատասխանեի ինչպես հարկն էր, եթե այդ պահին ներս չմտներ սպասավորը և չխանգարեր։ Մի թիթեղյա ժանգոտված սկուտեղի վրա նա բերում էր երկու շիշ գարեջուր և մի պնակ՝ աղած ու խորոված սև հացի կտորներով։ Սկուտեղը դնելով տուալետի սեղանի վրա, նա ձեռները դրեց մեջքին և իր լկտի հայացքը բևեռեց երեսիս։
— Ի՞նչ եք կամենում,— գոչեցի ես կատաղած, մաղձս նրա գլխին թափելու համար և հազիվ զսպեցի ինձ, որպեսզի աթոռը չվերցնեմ ու լրբի գլխին չտամ։
— Պետք է վճարել, չէ՞։
— Ո՞րքան է։
— Երկու ռուբլի հիսուն կոպեկ։ Էմիլիան թանկարժեք խմիչք չի պատվիրել։
Բարեբախտաբար, գրպանումս երեք ռուբլի փող ունեի․ դուրս բերեցի և շպրտեցի հատակի վրա։
— Օհոո՜, ի՜նչ տաքարյուն պարոն եք,— ասաց լկտին, դրամը վերցնելով,— երևի էմիլիան դեռ չի սառցրել ձեզ։
Եվ քրքջալով դուրս գնաց։