Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/96

Այս էջը հաստատված է

բան էլ ավելի։ Ի՜նչ արած, այն ժամանակվա Բաքվում ամեն մի շիկահեր օրիորդ թե տիկին ինձ գեղեցիկ էր թվում։ Վերջապես, ի՞նչ ասել է գեղեցկություն ասված բանը, եթե ոչ երիտասարդություն ու թարմություն։ Բացի դրանից, առաջին անգամ ե՛ս չէի արտահայտել իմ զգացումս, այլ ինքը օրիորդը՝ մի օր հանկարծակի փաթաթվելով իմ պարանոցին։

— Ինչպես երևում է, դու դեռ նույն բալվանն ես, ինչ որ այն ժամանակ, հիշո՞ւմ ես,— ասաց Ս․ Բ.-ն, երբ ես նրան պատմեցի այդ մասին։

Այսպես թե այնպես, հափշտակված էի։ Մի տրագի-կոմիկական արկածի հանդիպեց մեր, այսպես ասած, փոխադարձ սերը։ Պատմեմ եղելությունը։ Ամառային երեկո էր։ Մենք նստած էինք թուրքերի հին գերեզմանատանը, ուսկից դեպի ծովը բացվում է մի զմայլելի տեսարան։ Վերը պարզ, մանիշակագույն երկնքի վրա նոսր ամպերի մեջ լողում էր տասնօրյա լուսինը, մերթ երեսը շղարշելով, մերթ բանալով որպես քմահաճ հավերժահարս։ Վարը ծովի անդորր մակերեսը շողշողում էր հալած արծաթի պես։

Ստորև տարածված էր քաղաքային պարտեզն իր վտիտ ծառերով։ Զբոսանքի բացօթյա երեկույթ էր։ Պարտեզը զարդարված էր հարյուրավոր գունավոր լապտերներով, որոնք ծառերի արանքից նայում էին խորհրդավոր աչքերի պես։

Ամբոխի խուլ ժխորի և բարձրաձայն քրքիջների միջից լսվում էին զինվորական երաժշտության զիլ հնչյունները։

Մենք հափշտակված խոսում էինք, օրիորդն իր ծրագիրների, ես իմ ապագայի մասին, մերթ ընդ մերթ համբուրվելով։ Ժամերը վազում էին աննկատելի։ Լուսինը թաքնվեց մերձակա քարքարոտ բլուրների ետևում, իր ադամանդյա շողերը ժողովելով ծովի երեսից։ Մարեցին գույնզգույն լապտերները, լռեց երաժշտությունը։ Մենք տակավին նստած էինք մի տապանաքարի վրա։ Հանկարծ ինձ թվաց, որ մի մեղրաճանճ բզզալով անցավ մեր գլուխների վրայով և գնաց նորից մերձակա տապանաքարերից մեկի վրա։ Ապա՝ փոքր անցած՝ երկրորդը։