Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/97

Այս էջը հաստատված է

— Գնդակներ,— գոչեց օրիորդը և ոտքի ելավ։— Կարծես մեկը մեզ վրա կրակում է։

— Ի՞նչ անենք։

— Չգիտեմ։

— Պետք է փախչել։

Ես թողեցի օրիորդին առաջ վազել, ինքս հետևելով նրան։ Սակայն շուտով խորհեցի, որ փախչելն ավելի վտանգավոր է։ Պառկեցինք մի տապանաքարի ետևում, գնդակներից պատսպարվելու համար։ Լսվեց ոտների տրոփյուն։

Պարզ էր, որ մեզ հետևում էին։ Վեր կացանք, նորից սկսեցինք փախչել, որպեսզի մեզ մի կերպ գցենք պարտեզ։

— Զգույշ, առջևդ վիհ կա,— գոչեց օրիորդը հանկարծ և շեղվեց դեպի ձախ։

Նա ավելի սրատես էր, քան ես։ Ես շարունակեցի վազել նույն ուղղությամբ։ Հազիվ մի տասը քայլ արել էի, երբ թվաց, որ մի հզոր ձեռք բարձրացրեց ինձ օդի մեջ և ուժգին թափով զարկեց մի կարծր բանի։ Այդ տևեց մի ակնթարթ, և այդ վայրկյանում իմ ամբողջ կյանքը նկարվեց իմ աչքերի առջև իր խոշոր երևույթներով։ Այդպիսի մի պատկերացում ես տեսել էի մի անգամ ևս, այն է՝ երբ պիտի խեղդվեի ծովի մեջ։ Ես ընկել էի մի բարձր քարաժայռից։ Բայց ուշքս վրես էր։ Լսեցի օրիորդի ճիչը։

— Դու կենդանի՞ ես,— գոչեց նա բարձրից։

Ես գլուխս շոշափեցի։ Նա անվնաս էր։ Փորձեցի ոտքի ելնել, չկարողացա։ Ձախ ոտս չհնազանդվեց ինձ։ Նա կոտրվել էր։ Բայց ցավ տակավին չէի զգում։

Օրիորդն իջավ ժայռից՝ «օգնություն, օգնություն» աղաղակելով։ Երկու մութ պատկերներ նկարվեցին իմ առջև։ Մեկը լուցկին վառեց, և ես տեսա երկու տղամարդ, մեկն անզեն, մյուսը՝ զինված ոտից մինչև գլուխ և ձեռքին մի մեծ դաշույն։

— Ո՞վ եք դուք,— հարցրեց օրիորդը։

— Ես գերեզմանատան պահապանն եմ,— պատասխանեց զինված տղամարդը։

— Դու՞ք էիք կրակում մեզ վրա,— հարցրեցի ես։

— Այո։