Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/99

Այս էջը հաստատված է

VIII

ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿ, ԱԶԱՏԱՄԻՏՆ ՈԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆԸ:

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Օգոստոսի արևը կիզել էր վտիտ բուսականությունը։ Գորշ տափաստանն իր ամայությամբ ճնշում է ճամփորդի հոգին։ Հետզհետե մեզնից հեռացող Կասպյան ծովը ողողում է ավազոտ ափերը, զուր ջանալով իր ճերմակ ալիքներով շղարշել նրանց մռայլ մերկությունը։

Մուղանի անապատն է։ Ոչ մի ծառ, ոչ մի կանաչ թուփ անգամ և ոչ մի թռչուն։ Կարծես մի սոսկալի հրդեհ լափել է երկրի կյանքը, թողնելով միայն միլիարդավոր մոծակներին, որոնք ահագին խուրձերով թափվում են վագոնների մեջ շոգից թուլացած ճամփորդների մարմինը հոշոտելու համար, և դաշտային մկներին ու մողեսներին։ Զարմանալի լպիրշ է նրանց վազքը տատասկների մեջ։ Թվում է, որ երկրի տերերն են և ինչ ուզեն, կարող են անել։ Իրիկնադեմին նրանց փոխարինում են ճահիճների բյուրավոր գորտերը, որոնք իրենց կվկվոցով վրդովում են երկրի լռությունը։ Դա մի ինքնատեսակ համերգ է, որ ինչ-որ համակրանք է ներշնչում ինձ դեպի այդ անարդարացի անարգված կենդանիները։

Գնում եմ Թիֆլիս։ Գնում եմ գրականության մեջ որոնելու իմ կյանքի նշանաբանը։ Շատ տարիներ են անցել այն օրից։ Այժմ իմ արածն ինձ մի փոքր դոնքիշոտություն է թվում, իսկ այն ժամանակ եթե մեկն ինձ ասեր, որ փոքր ժողովրդի մեջ գրականությամբ պարապելը հավասար է ինքնանահատակության, անշուշտ կկատաղեի։ Ախտը վաղուց էր վարակել ինձ, և ոչ մի խորհուրդ չէր կարող բժշկել, քանի որ չօգնեցին անապաստան և անպաշտպան թողնված մորս արցունքներն անգամ, որ այնպես առատորեն թրջեցին իմ կուրծքը հրաժեշտի վերջին վայրկյանին։ Ես շատ լավ գիտեի, որ մնալով Բաքվում՝ մի օր ես էլ հարստանալու եմ, ինչպես շատ շուտով հարստացան իմ հասակակիցներն աննշան բացառությամբ։ Մեծ բան հարկավոր չէր դրա համար